ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթից հետո խորհրդարանում կրքերը լարվեցին, և հերթական վիճաբանությունը տեղի ունեցավ։ Մինասյանն ասաց, որ իշխանությունն ապացուցում է՝ այն արժեքները, որ հայտարարել է ժամանակին, աստիճանաբար և կոպիտ ջարդվում են. «Ջարդելով, հրաժարվելով անցնում եք ամեն ինչի վրայից»,- ասաց Մինասյանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հիշեցրեց, որ ընդդիմադիրները չմասնակցեցին իրենց գործընկերոջ՝ Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին. «Դա ձեր խղճի վրա եմ թողնում»։
Հակադարձելով Արծվիկ Մինասյանի՝ տեղից հնչեցրած հայտարարություններին՝ նա ասաց. «Դուք ինձ խորհուրդ մի տվեք, Դուք կարդացեք իմ գրառումը, ամեն օր կարդացեք և ամաչեք»։
Այնուհետ Ալեն Սիմոնյանը հակադարձեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ տեղից արված ռեպլիկին. «Դուք Ձեր կյանքով զբաղվեք, էլի, Ձեր արժանապատվությամբ, Ձեր կյանքով, արածներով։ Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին։ «Դու»-ն դու ես, չհամարձակվեք ԱԺ նախագահի հետ «դու»-ով խոսել»։
Սեյրան Օհանյանի ռեպլիկին, թե «դու ԱԺ նախագահը չես», Սիմոնյանն ասաց. «Բա դու՞ ով ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, ի՞նչ ես անում ստեղ․ գնա տուն սարքի տարբեր տեղերում»։ Օհանյանը պատասխանեց, թե ինքը գեներալ է։
Լեզվակռիվ սկսվեց նաև Սեյրան Օհանյանի ու ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի միջև։ Վեճը դադարեցրեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ կոչ անելով պատգամավորների հետ խոսել «Դուք»-ով. «Հարգելի գործընկերներ, բոլորդ լռում եք։ Պրն Օհանյան, պատգամավորների հետ խոսում եք «Դուք»-ով։ Կարծում եմ՝ շատ լեգիտիմ պահանջ եմ ներկայացնում»։
Հայկ Կոնջորյանը շարունակեց. «Մեծ մասն ԱԺ դահլիճում չլսեց, թե ինչ ասացիք ԱԺ նախագահին։ Հիմա Ձեզ ասում եմ՝ սրիկան Դուք եք»։
«Սրիկան դու ես»,- արձագանքեց Սեյրան Օհանյանը։
«Սրիկան Դուք եք, որովհետև ԱԺ նախագահին ասացիք «սրիկա»։ Սրիկան Դուք եք․․․ Եվ լուռ, ձա՛յնդ, պապանձվի՛ր»։
ԱԺ-ում կրքերը թեժացան, հայտարարվեց ընդմիջում։