Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
- ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ, անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որը հստակ արձանագրում է՝ Լաչինի միջանցքով չկա ազատ և անվտանգ տեղաշարժ։ Սա ի՞նչ է փոխելու ստեղծված իրավիճակում, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռը։
- Կարծում եմ` ԵԽԽՎ-ի բանաձևի ամբողջ մեխը հետևյալ առանցքային երկու կետի մեջ է ամփոփվում.
ա․ Վեհաժողովը կոչ է անում Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության միջոցով հրատապ հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցերը, ինչպես նաև ապահովել միջազգային չեզոք ներգրավում՝ խաղաղությանն ուղղված ցանկացած մեխանիզմի կիրառման համար։
բ․ Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանին հրավիրել Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը՝ փաստահավաք առաքելությամբ այցելել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ու տեղում գնահատել իրավիճակը: Վեհաժողովը նաև կոչ է անում Ադրբեջանին՝ թույլ տալ այլ միջազգային կազմակերպություններին, ներառյալ՝ ՄԱԿ-ի հաստատություններին, մուտք գործել տարածաշրջան։
Այս երկու ուղղություններն են ԵՄ-ի քաղաքականության գերակա բաժինը արցախյան հարցում․ եթե նկատեք, երկու կետերում էլ առաջադրվում է միջազգային չեզոք ներգրավում, Եվրախորհրդի փաստահավաք առաքելության գործուղում և միջազգային կազմակերպություններին, ներառյալ՝ ՄԱԿ-ի հաստատությունների, տարածաշրջանում տեղակայում։
Այս բոլորը ոչ այլ ինչ են, եթե ոչ ռուսական գործոնի հակակշռում կամ դուրսմղում։
- Ամերիկյան կողմը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում են առաջիկա վաշինգտոնյան բանակցությունների հերթական փուլին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումների միջև անկյունաքարային տարբերությունները։
- Այո, ճիշտ նշեցիք։ Վաշինգտոնն օգտագործել է «անհամբերություն» որակումը, ինչը աշխույժ ներգրավման մասին է խոսում։ Համակարգում կա Վաշինգտոնի և Բրյուսելի նախաձեռությունների և առաջադրանքների միջև։ Չեմ կարծում, որ ԵԽԽՎ-ի խստությունն ու հասցեականությունը կհնչեն Վաշինգտոնում։ Սակայն անպայման կընդգծվի միջազգային երաշխիքների անհրաժեշտությունը։ Իսկ եթե Վաշինգտոնից հետո Բաքուն մասնակի վերացնի ամբողջական շրջափակումը, դա արդեն պարզ կդարձնի, որ Բաքուն խաղաթուղթ է տրամադրում ԱՄՆ-ին։
- Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դրական է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման մասին հայկական կողմի առաջարկին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։
-Պարզ չէ, թե ինչ քարտեզի հիման վրա է գնում գործընթացը։ Ակնարկվում էր 1975-ի քարտեզների մասին, որոնք հրապարակված չեն։ Բաքուն շտապում է իրականացնել սահմանազատում, դրա համար էլ դրական է արձագանքում։
- Ըստ ՀՀ փոխվարչապետի՝ կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ։ Նա նշել է նաև, որ վերջնական ընկալում կա, որ կարգավորումները պետք է լինեն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո։ Սա որքանո՞վ է իրատեսական։
- Ճանապարհների և հաղորդուղիների բացումը նոյեմբերյան համաձայնության 9-րդ կետն է։ Սակայն այստեղ խնդիր կա․ Բաքուն միջանցքի մասին է խոսում։ 9-րդ կետում միջանցք չկա, սակայն կա ռուսական զորքերի կողմից անվտանգության վերահսկողություն։ Իսկ Երևանը հայտարարում է, որ դեռևս Մոսկվայի հետ համաձայնություն այս ուղղությամբ չկա։ Հայկական կողմի համար սա միակ և վերջին զիջելի կետն է՝ ապաշրջափակման ձևակերպմամբ։ Ռազմագերիներից սկսած մինչև Արցախի շրջափակում, ինչպես նաև Լաչինում անցակետի տեղադրում՝ նոյեմբերյան համաձայնության ոտնահարման բացահայտ դեպքեր են։
- ԵՄ պատվիրակության ղեկավարն ու դիտորդները պարեկություն են արել Հակարի կամրջի մոտ: Դիվանագիտական ու քաղաքական առումներով ի՞նչ պետք է հասկանալ այս քայլի տակ։
- Այս բոլորը հայաստանյան հատվածում իրականացվող գործողություններ են։ Ադրբեջանը թույլ չի տալիս իր տարածքում նման առաքելությունների գործուղում։ Բրյուսելը այս առաքելություններով ներթափանցում է տարածաշրջան։
- Բայրամովը հայտարարել է, որ ԼՂ հայերին անվտանգության հատուկ երաշխիքներ տրամադրելու նախապայմանը չեն ընդունում, որ հայերը կարող են ապրել, կրթվել իրենց լեզվով՝ ինտեգրվելու դեպքում միայն։ Նման հռետորաբանության պարագայում Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները ի՞նչ են փոխելու իրավիճակում։
- Բաքու-Ստեփանակերտ բանակցության ձևաչափի առարկայացումը պայմանավորված է այդ առաջադրանքի երկրորդ բաղադրիչով՝ իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքներով։ Առանց այդ բաղադրիչի բանակցությունների գնալ՝ նշանակում է ընդունել Բաքվի ճշտած խաղի կանոնները։
Հայկ Մագոյան