Քաղաքական

«Մոսկվայի կողմից որևէ ճնշում չի եղել պատժամիջոցային ապրանքների մատակարարումը շարունակելու համար». ԱԳ փոխնախարար

Politico-ն գրում է, որ Հայաստանն ու Ղազախստանը խոստանում են սահմանափակել և փոքր-ինչ զսպել Ռուսաստանի հետ ռազմական տեխնիկայի և շքեղության ապրանքների առևտուրը, որպեսզի զերծ մնան ԵՄ-ի պատասխան միջոցներից:

Այս կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը պարբերականի հետ զրույցում նշել է. «Չնայած ԵԱՏՄ-ն երաշխավորում է ապրանքների ազատ տեղաշարժը, սակայն մենք չենք կարող պատժամիջոցների տակ ընկնել՝ ներգրավվելով ստվերային գործունեության մեջ ու շրջանցելով պատժամիջոցները»։

Ըստ նրա՝ Հայաստանն անհանգստացած է երկրի ու տեղական ընկերությունների՝ պատժամիջոցների տակ հայտնվելուց, ինչը կազդի տնտեսության վրա. «Հայաստանի համար տնտեսության և անվտանգության տեսանկյունից անտանելի իրավիճակ կստեղծվի»,- նշել է նա։

Միաժամանակ, նա խոսել է ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին՝ ասելով, որ Ռուսաստանի հետ տասնամյա սերտ առևտրային կապերը խզելը հեշտ չէ, և պրագմատիզմն ավելի օգտակար է, քան գաղափարախոսությունը: Նա պնդել է, որ Մոսկվայի կողմից որևէ ճնշում չի եղել պատժամիջոցային ապրանքների մատակարարումը շարունակելու համար։