Քաղաքական

«Պլանը, որով նախատեսված էր շուրջ 2000 ԱԹՍ գնել, փոխվել է». Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է սպառազինություն ձեռք բերելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններին․

«Եթե նայեք այդ տարիների պաշտպանական բյուջեն, կհամոզվեք, որ հնարավոր չէ, որ այդ ծավալով սպառազինություն գնվեր: Այդ թվերը չեն համապատասխանում պաշտպանական բյուջեի թվերին: Նշեմ նաև, որ մեզանից մնացել են շուրջ 100 մլն դոլարի սպառազինության գնման բյուջե, շուրջ 200 մլն դոլարի վարկային պայմանավորվածություններ, իսկ իր նշած թվում ահռելի բաժին են կազմում «СУ»-երը, որոնք մարտագլխիկ չունեին և որևէ կերպ չեն օգտագործվել Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման համար, իսկ «Оса АК»-ները, որոնք ինչպես իրենք բացահայտեցին, ժամկետանց էին»,- ասել է նա:

Ըստ Մամիջանյանի՝ նոր իշխանությունը փոխել է սպառազինությունների գնման պլանը, որով նախատեսված էր շուրջ 2000 հատ ԱԹՍ գնել. «Պատկերացնո՞ւմ եք, թե դրանք ինչ դերակատարում կարող էին ունենալ պատերազմի ժամանակ: Նախատեսված էր ՀՕՊ համակարգերի գնում․ պատկերացնո՞ւմ եք, թե որքան կյանքեր կարող էին դրանք փրկել: Ինչ-որ երեսփոխաններ կան՝ ասում են, որ ես տոննայով եմ սպառազինությունը չափում: Այո, տոննայով եմ ասում, որ թվեր չասեմ: Այդ թվերը ներքաղաքական իմաստով մեզ օգուտ կտան, բայց մենք, ի տարբերություն ձեզ, պետության շահն ավելի վեր ենք դասում, քան ներքաղաքական դիվիդենտը»,-ասաց նա։