Քաղաքական

Կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ. Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ Ադրբեջանը դրական է արձագանքել հայ-ադրբեջանական սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպման մասին հայկական կողմի առաջարկին։ 

Գրիգորյանը նշել է, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպման վայրի, ժամի ու ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա․ «Ենթադրում եմ՝ մոտ ժամանակներս հանդիպում կլինի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ քննարկվելու են օրակարգային հարցեր։

Անդրադառնալով Սյունիքով անցնող ճանապարհի վրա Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության գործառույթներին՝ Գրիգորյանը նշել է. «Գործառույթի իրականացման ձևի շուրջ դեռևս քննարկումներ պետք է լինեն»։

Ըստ նրա՝ կարևոր կոնսենսուս կա, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործմամբ. «Սա կարևոր է, որովհետև կոնկրետ է ու հասկանալի, թե ինչի շուրջ է խոսակցությունը։ Կարծում եմ՝ վերջնական ընկալում կա, որ կարգավորումները պետք է լինեն այն երկրների իրավազորության և ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում է երկաթգիծը։ Սա կարևոր ու ֆունդամենտալ համաձայնություն է»,- ասել է նա՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի հայտնի, որովհետև դեռ վերջնական կոնսենսուս չկա։