Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը՝ բանակցությունները սեփական կետից սկսելու իր հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովի նիստում մանրամասնել է, թե ինչ է նշանակում բանակցությունները սեփական կետից սկսելը, որի մասին հայտարարել էր դեռ 2019թ։ 

Նա հիշեցրել է, որ այդ մասին խոսել է 2019 թվականի մարտի 12-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում։Ըստ Փաշինյանի, մինչ ԱԽ նիստում ելույթ ունենալը, ինքն այդ տեքստը նախապես համաձայնեցրել է Արցախի այն ժամանակվա նախագահ Բակո Սահակյանի, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ ԼՂ երրորդ նախագահ Բակո Սահակյանի աշխատասենյակում։

Նա հիշեցրեց` հենց այդ նիստում ինքը հայտարարել է, որ բանակցային գործընթացում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի քվեն, լիազորությունը ստացած որևէ սուբյեկտ։

Նա խոստացել է` Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։ Այդ նիստում նա նաև ընդգծել է, որ կարևորագույն գործառույթներից մեկն է համարում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը. «Պետք է անկեղծ ասեմ, որ այսօրվա հեռավորությունից էլ այդ ելույթն ու դիրքավորումը համարում եմ ադեկվատ և հայկական շահերից բխող, բայց վերը նկարագրված բոլոր իրադարձությունների և փաստարկների ֆոնին»,– ասել է Փաշինյանը։

Ըստ նրա` հենց այս ելույթում էլ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացում հետագա քաղաքականությունը, որի խորքային իմաստն ու նպատակը փակուղուց դուրս գալու հնարավորություններ գտնելն էր։