«Ադրբեջանի նախագահը հրաժարվում է ստորագրել կազանյան փաստաթուղթը՝ ներկայացնելով լրացուցիչ տասը առաջարկություն։ Հանդիպման արդյունքներով ընդունվում է ոչինչ չասող մի փաստաթուղթ, և գործընթացը հայտնվում է փակուղում»,- այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Թվում է՝ այս մերժումից հետո Ադրբեջանը պետք է հայտնվի չափազանց ծանր դրության մեջ՝ որպես բանակցությունների ոչ կառուցողական պահվածքի կրող։ Իրականության մեջ տեղի է ունենում ուղիղ հակառակը․ Ադրբեջանը Կազանի առանցքային միջնորդի՝ Ռուսաստանի հետ կնքում է շուրջ 3-4 միլիարդ ամերիկյան դոլարի ռազմատեխնիկական պայմանագիր, զուգահեռ սկսում է լարել իրադրությունը Հայաստանի հետ սահմանին և ԼՂ հետ շփման գծում՝ ճնշում գործադրելով հայկական կողմի վրա։ Ըստ այդմ, 2012թ․ ընթացքում արձանագրվում է հրադադարի խախտման 5972 դեպք, տեղի է ունենում 4 դիվերսիոն հարձակում՝ Տավուշի Բերդ քաղաքի և Չինարի գյուղի, Ճամբարակի և Հորադիզի հատվածում։ 2013թ․ արձանագրվում է հրադադարի ռեժիմի խախտման 12.986 դեպք․ աճը նախորդ տարվա համեմատ՝ 117%: Դիվերսիոն հարձակումների թիվը մնում է նույնը։
2014թ․ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը դառնում են 37.535, ինչը 2012-ի համեմատ ավել է 528%-ով։ Դիվերսիոն հարձակումների թիվը հասնում է 6-ի։ Այդ տարի ԼՂ շփման գծի մոտակայքում խոցվում է հայկական ռազմական ուղղաթիռ։
2015թ․ արդեն տեղի է ունենում 14 դիվերսիոն հարձակում թե՛ Հայաստանի, թե՛ ԼՂ հետ սահմանին։ Հրադադարի ռեժիմի խախտումներն այնքան են հաճախանում, որ 2015թ․ կեսին վեր են ածվում մինի-պատերազմների»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ, չնայած սրան, միջազգային հանրությունը արգելք չի դնում Ադրբեջանի զենքի ձեռքբերումների վրա, Ադրբեջանն էլ չի ենթարկվում պատժամիջոցների, չի դատապարտվում, այլ տեղի է ունենում ուղիղ հակառակը․ «2016թ․ հունվարին համանախագահները՝ ի դեմս Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ներկայացնում են կարգավորման նորացված առաջարկ, որտեղ «ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ» արտահայտությունը տեղ չի գտնում»։