Քաղաքական

«ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել ուղիղ հարցին՝ ի՞նչ անեմ, որ հրադադար հաստատվի». վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել 2020-ի աշնանային պատերազմի դադարեցման շուրջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից․ «Հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահին խնդրեցի պատասխանել ուղիղ հարցին՝ ի՞նչ անեմ, որ հրադադար հաստատվի, ու պատերազմը կանգնեցվի։ Նույն հարցի շուրջ ավելի մանրամասն քննարկում ունեցա հոկտեմբերի 16-ին, և ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ կարելի է 5 շրջանի վերադարձի դիմաց պատերազմը կանգնեցնելու մասին խոսել, իհարկե, առանց ԼՂ կարգավիճակի որևէ հստակեցման, այսինք, կարգավիճակի անորոշությամբ։ Այդ օրը ՌԴ նախագահի հետ համաձայնվեցինք հանձնարարել, որ թիմերն աշխատեն այդ գաղափարի բյուրեղացման ուղղությամբ»։

Նրա մատուցմամբ՝ հոկտեմբերի17-ին նախաձեռնությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահը. «Նա ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից։ Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվեց հրադադարի հայտարարությունը, որ հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան»,- ասաց նա։