Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020-ի պատերազմի քննիչ հանձնաժողովում ներկայացրել է նաև ԼՂ խնդրում հայկական կողմի դիվանագիտական ձեռքբերումները․
«Իսկ հայկական կողմն այս ողջ ընթացքում դիվանագիտական հաջողություններ չունե՞ր։ Իհարկե, ուներ․ 1994թ. մայիսի 12-ի հրադադարի հայտարարությունն, օրինակ, հաջողություն է։ Բայց հակամարտության պատմության ընթացքում մեր ամենամեծ հաջողությունը միջազգային հանրության կողմից ԼՂ-ին հակամարտության և, այդպիսով, նաև բանակցային կողմ ճանաչելն էր։ ԼՂ սուբյեկտայնությունը կարող էր հարցի՝ մեզ համար ընկալելի լուծման գոնե աղոտ հույս ստեղծել։ Բայց ԼՂ դուրսմղումը բանակցային գործընթացից փլուզեց հիմնախնդրի կարգավորման հայկական տեսլականի իրականացման՝ թեկուզ աղոտ հույսերը։ Ինչո՞ւ, որովհետև ԼՂ-ն բանակցային կողմ չէ, ուրեմն, նաև սուբյեկտ չէ։ Եթե սուբյեկտ չէ, վտանգվում է նաև ինքնորոշման իրավունքի հայկական մեկնաբանությունը միջազգայնորեն ընկալելի դարձնելու՝ թեկուզ տեսական հույսը, որովհետև բնական հարց է ծագում՝ իսկ ո՞վ է ինքնորոշվողը, ո՞ւր է նա»,- ասաց նա։