Քաղաքական

«Ապակառուցողական կողմն Ադրբեջանն է». Վահան Կոստանյան

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներին․ «Այն գործողությունները, որ Ադրբեջանի ղեկավարությունն անում է, մասնավորապես, լարվածությունը թե՛ Հայաստանի սահմանին, թե՛ իրավիճակի լարումը ԼՂ-ում, միանշանակ չեն նպաստում տարածաշրջանում խաղաղություն կառուցելուն և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարությունները, թե իրենք իսկապես հետաքրքրված են կայունության և խաղաղության հաստատմամբ»,- ասել է նա։

Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարություններին։ Կոստանյանը վստահեցրել է, որ Հայաստանի համար կարևոր է ֆիքսել սկզբունքները, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի իրավազորության և ինքնիշխանության հիման վրա. «Եթե մինչ այսօր մեզ չի հաջողվել ֆիքսել, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է»։

Փոխնախարարը նաև շեշտեց, որ դեռևս 2021թ․ հունվարից Հայաստանը մշտապես կառուցողական և շահագրգռված է եղել՝ իրականացնելու ապաշրջափակման գործընթացը․ «Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ, քանի որ կարծում ենք, որ «Հայկական խաչմերուկ» ծրագիրը մեծ պոտենցիալ ունի՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական զարգացումները և լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»։