ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն անդրադարձել է 2012թ. Հունգարիայի հետ հարաբերությունները խզելու՝ Սերժ Սարգսյանի որոշմանը՝ այն որակելով կարճամտություն։ Նա հիշեցրել է, որ Հունգարիայի հետ հարաբերությունները Հայաստանը խզեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց հետո։
«Ի՞նչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդն իր ղեկավարի ընդունած որոշման պատասխանատվության հետ։ Չունի։ Ուզում եք Հայաստանի անունից ցույց տաք մեր բացասական վերաբերմունքը այդ ակտի նկատմամբ, ցուցաբերեք այդ վերաբերմունքը ղեկավարի՝ Օրբանի նկատմամբ, ոչ թե Հունգարիայի ժողովրդի։ Որովհետև Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների խզումը մի երկրի հետ՝ նշանակում է երկու ժողովուրդների միջև անջրպետ ես մտցնում»,- ասաց նա՝ հավելելով, որ հունգար ժողովուրդը արժանի չէ դրան։
«Ես այդ ժամանակ էլ էի դա դիտարկում որպես պետական գործչի կարճամտության դրսևորում»,- ասաց նա։
Արսենյանը նաև մեղադրեց հայկական հետախուզական ծառայություններին, որոնք այդ ժամանակ տեղյակ չեն եղել` ինչ է տեղի ունենալու, և ՀՀ իշխանությունները միայն մամուլից են իմացել, որ Ռամիլ Սաֆարովը Բաքվում է. «Միայն դրանից հետո սկսվեց դատապարտումների մի ողջ շքերթ։ Արդյունքում սեփական չարածը Սերժ Սարգսյանը փակեց Հունգարիայի հետ հարաբերությունները խզելով»:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 4 կողմ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով հավանություն տվեց Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծմանը։
Հունգարիան արդեն ձևավորել էր նման խումբ և նմանատիպ քայլ էր ակնկալում նաև Հայաստանի կողմից։