ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը։ «Մենք արդեն ոչ մեկ անգամ արձանագրել ենք, որ Լաչինի միջանցքում կա խնդիր, այն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և այն, ինչ տեղի է ունեցել, խնդիր է, որի շուրջ մենք ուղիղ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ»,- ասել է նա։
Հովհաննիսյանի խոսքով, իրրավիճակը գնահատում են որպես հերթական սադրանք Ադրբեջանի կողմից՝ խաթարելու գործընթացները։ «Բայց մենք շարժվելու ենք մեր քաղաքականությամբ և ամեն բան անելու ենք զսպելու էսկալացիոն բոլոր ռիսկերը՝ նաև միջազգային մեր գործընկերերի ճնշման միջոցով»,- հավելել է նա։
Հովհաննիսյանն ասել է, թե ճանապարհների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա յուրաքանչյուր երկրի սուվերենության, իրավազորության և հավասարության սկզբունքներով. «Մենք բազմիցս հայտարարել ենք` ՀՀ-ն որևէ միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ չի տրամադրելու: Սա մեզ համար կարմիր գիծ է»: