Քաղաքական

Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է. Աննա Վարդապետյան

Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է. Աննա Վարդապետյան

Հունիսի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հերթական եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին կրկին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հումանիտար պահանջներն Ադրբեջանի կողմից լիարժեք չկատարելու, իրավիճակն էսկալացնելու փորձերի կապակցությամբ։

«Հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ, որոնցից 33-ը դատապարտվել են։ Առկա են նաև ուղղակի ապացույցներ Ադրբեջանի զինված ուժերի կողմից երկու հայ զինծառայողերի առևանգման մասին։ Ընդ որում, մի շարք անձանց Հայաստանի Հանրապետություն վերադարձնելը մերժելը ադրբեջանական կողմը պատճառաբանում է այն հանգամանքով, որ այդ անձինք հայտնվել են Ադրբեջանում Հայտարարության ստորագրումից հետո, մինչդեռ հայկական կողմն ամբողջ ծավալով կատարել է Հայտարարության 8-րդ կետի պահանջները»,- նշել է Աննա Վարդապետյանը։

ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին՝ Երասխ բնակավայրի մոտ և Տեղի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ բացած կրակին՝ ընդգծելով, որ դրանք դատապարտող հստակ գնահատականի բացակայության, Ադրբեջանում պահվող անձանց չվերադարձնելու, ինչպես նաև Հայտարարությունից բխող այլ պայմանավորվածությունները չկատարելու ուղղակի հետևանք են։ «Ձեռքբերված պայմանավորվածությունների և ստանձնած պարտավորությունների կատարումը թույլ կտար խուսափել նման դեպքերից։ Ադրբեջանի վարքագիծը ոչ միայն չի նպաստում Հայտարարության դրույթների իրագործմանը, այլև հակասում է այդ փաստաթղթի նպատակներին և իմաստին՝ էլ ավելի սրելով իրավիճակը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը։

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպման ավարտին վերահաստատել է Հայաստանի առաջնահերթությունը՝ ուղղված մարդասիրական պահանջների կատարմանը և շեշտել, որ այդ պահանջներն առ այսօր Ադրբեջանի կողմից ամբողջությամբ կատարված չեն:  

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական