Քաղաքական

Թքած ունեմ ցանկացած պաշտոնի վրա. Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 2022թ. բյուջեի կատարողականի ելույթում հակադարձել է ընդդիմության հասցեին ուղղված քննադատություններին։ 

«Մենք լսեցինք լուտանքներ, իրականությունից կտրված եւ կեղծ ու մի շարք դեպքերում ակնհայտ սուտ մատնությամբ հայտարարություններ՝ ուղղված ազգային ուժի դեմ։ Ես չեմ ուզում իջնել այդ մակարդակին, պատմությունն է մեզ դատելու եւ պատմությունն է դատում։ 133 տարի գոյություն ունեցող քաղաքական ուժը շարունակվում է, դուք հլա 133 ամիս ապրեք, հետո նոր կխոսենք»,- ասել է նա։

Արծվիկ Մինասյանի խոսքով այսօր հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ։ «Դուք ամեն քննադատությանը մեզ ասում եք՝ դուք իշխանություն եք ուզում։ Տո իշխանությունն էլ ձեզ, էդ աթոռներն էլ ձեզ, նստեք 100 տարի, բայց ապահովեք անվտանգ երկիր, անվտանգ պետություն, ապահովեք Արցախ աշխարհի հայության լիարժեք ապրելու իրավունք։ Մի հրաժարվեք ինքնորոշման իրավունքից, որն աշխարհով մեկ միակ գործիքն է, որը պետք է ապահովի եւ ապահովում է շատ ազգերի գոյությունը։ Դուք հրաժարվելով այս ամենից՝ հաստատ համոզված եղեք, չեք կարողանալու ապահովել նաեւ ՀՀ պետության գոյությունը։ Մեր ասածը սա է, ի՞նչ աթոռ, ի՞նչ իշխանություն, ես թքած ունեմ ցանկացած պաշտոնի վրա, եթե իմ երկրի պարզ քաղաքացին այսօր կանգնած է գոյաբանական վտանգի առաջ»,- նշել է նա։