Radar Armenia-ի զրուցակիցը ԼՂՀ ԳԽ նախկին պատգամավոր, հրապարակախոս Վահրամ Աթանեսյանն է։
- Ինչպես եք մեկնաբանում ռուսական «Риа Новости» լրատվական ծառայության տեղեկությունը, թե ԱՄՆ-ն ստիպում է Լեռնային Ղարաբաղին՝ հանդիպել Ադրբեջանի հետ, մերժման դեպքում էլ սպառնում հակաահաբեկչական գործողությամբ։ Նաև սրան հաջորդեց մեկ այլ տեղեկություն, որտեղ արդեն հղում էին անում ՌԴ ԱԳՆ-ի՝ իրենց աղբյուրներին և նշում, որ Ռուսաստանն անհանգստացած է այն տվյալներից, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության գործում՝ նաև սպառնալիքների միջոցով։
- Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված է ՌԴ խաղաղապահ զորախումբ։ Աղդամում գործում է ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոն։ Մենք աշխարհի վերջին միամիտը չենք, որպեսզի հավատանք, թե ռազմական ներկայությունը հետախուզական ծառայություն կամ քաղաքական գործընթացների վրա ազդեցության լծակներ չունի։ ՌԴ պետական լրատվական գործակալության այդ տեղեկատվությունը պետք է հասկանալ լրիվ հակառակ իմաստով։
- Զախարովան այսօր հայտարարել է, որ գործընթացին մասնակցել ցանկացողները շատ են, բայց նրանց մեթոդները ոչ մի դրական բան չեն բերում, միայն ետ են շպրտում։ Համամի՞տ եք այս պնդումների հետ։
- Իսկ դրական ի՞նչ է բերում Զախարովայի «կոնտորան»։ Մեծ թաղեր և Խծաբե՞րդ։ Քարագլուխ-Փառու՞խ։ Անցյալ տարվա օգոստոսի երե՞ք։ Դիվանագիտական դիսկուրսից «Լեռնային Ղարաբաղ» և «Լաչինի միջանցք» ու ԼՂ-ում «շփման գիծ» իրավաքաղաքական հասկացությունների խեղաթյուրու՞մ։
- Սամվել Բաբայանն ասել է, որ այն գործիչները, որոնք դեմ են Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, չեն ուզում պատասխանատվություն ստանձնել։ Նրանք ընդամենը գործիք են այս կամ այն ուժային կենտրոնի ձեռքին և «տաքացնում են ձեռքերը» պատանդառված բնակչության վրա։ Ու՞մ կամ քաղաքական ո՞ր ուժերին նկատի ունի Բաբայանը, և ինչու՞ այս հարցում Արցախում չկա կոնսենսուս։
- Սամվել Բաբայանը շատ դիպուկ բնութագրում է արել․ Ռուբեն Վարդանյանը փաստացի ասում է, որ եթե Ադրբեջանը իր հետ չի բանակցում, ապա Բաքու-Ստեփանակերտ բանակցությունը «դավաճանություն է»։ Ներարցախյան դեգրադացիայի բուն պատճառը դա է։
- Դուք ստեղծված իրավիճակում ի՞նչ մեխանիզմներով եք պատկերացնում Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը։
- Պետք է անկեղծ լինել սեփական խղճի և, մանավանդ, ժողովրդի առջև պատասխանատվության հանդեպ։ Բաքու-Ստեփանակերտ «հավասարը՝ հավասարի հետ» սկզբունքով երկխոսություն չի լինելու, հնարավոր չէ։ Մնացածը քաղաքական որոշման և տեխնիկայի խնդիր է։ Ավելին՝ հաջորդ անգամ։ Բայց հույս ունեմ, որ նման անցանկալի առիթ չի լինի։
Հայկ Մագոյան