Քաղաքական

«Ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում». Հայկ Մամիջանյանը՝ Ռուբեն Ռուբենյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ նիստում բանավեճ տեղի ունեցավ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի միջև։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ «Պատիվ ունեմ»-ը չի քվեարկում անգամ այն նախագծերին, որոնք դրական հետևանք են ունենում. «Եթե ձեր օրակարգը հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք դուք լուծելու և ի՞նչ ակնկալիքներ ունեք՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով»,-հարցրեց Թունյանը:

Մամիջանյանը պատասխանեց՝ վստահ են, որ Անահիտ Սարգսյանի նման պրոֆեսիոնալը հանձնաժողովում երկրին միայն օգուտ է բերել: «Թե ինչպես դուք նրան կքվեարկեք, ճիշտն ասած, ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց, համենայնդեպս, երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»,-ասաց Մամիջանյանը:

Ռուբեն Ռուբինյանը Հայկ Մամիջանյանից հետաքրքրվեց․ երբ վերջինս ասում է, թե իրենց չի հետաքրքրում՝ ինչպես կքվեարկի ՔՊ խմբակցությունը, արդյո՞ք այդպիսով չի հետաքրքրում նաև՝ կընտրվի՞ ՄՊՀ անդամի իրենց թեկնածուն, թե՞ ոչ։ Ռուբինյանը հիշեցրեց, որ ՔՊ խմբակցության քվեարկությունից է կախված այդ ընտրությունը։

«Հայաստանին և այդ ինստիտուտին օգուտ կլինի, եթե կոմպետենտ թեկնածու Անահիտ Սարգսյանն աշխատի այդ հանձնաժողովում։ Ինչ վերաբերում է ձեր քվեարկությունն ինձ հետաքրքրել-չհետաքրքրելուն, ես մինչ այսօր խոսքի ու գործի շեղում չեմ առաջացրել։ Երբ ասում եմ՝ չեմ ընկալում ձեզ որպես հայրենասեր իշխանություն, դրանից հետևում է, որ ինձ ձեր քվեարկությունը չի հետաքրքրում։ Իրո՞ք ակնկալիք ունեիք, որ ես պետք է գամ ու խնդրեմ քվեարկել մեր թեկնածուի օգտին․ ձեր ակնկալիքը կմնա զուտ ակնկալիք»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄՊՀ անդամի պաշտոնի համար առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը։