ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե իրենց առաջիկա անելիքը հայ-ադրբեջանական նոր փաստաթղթի ստորագրումը կանխելն է։
«Այնուհետև փորձելու ենք հասնել իշխանութան փոփոխմանը և նոր իշխանության ձևավորմանը, որը կսպասարկի հայ ժողովրդի շահերը։ Այսօրվա իշխանությունը, ըստ էության, սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը և նրանց քաղաքականությունը»,- ասել է նա։ Ըստ Սաղաթելյանի, բանակցվող փաստաթուղթը ոչ թե խաղաղության պայմանագիր է, այլ կապիտուլյացիոն թուղթ։
Նա նշեց, որ վարչապետն այդ փաստաթուղթը կստորագրի, եթե տեսնի, որ ժողովուրդը համակերպվում է և չի ընդվզում. «Դա կանխելու միակ, գլխավոր ճանապարհը համաժողովրդական ընդվզման և դիմադրության ճակատի ձևավորումն է։ Մենք պետք է հասնենք դրան և մեր գլխավոր նպատակն էլ դա է, որպեսզի այդ փաստաթուղթը չստորագրվի»։
Սաղթելյանը նշել է, թե քաղաքական ուժերի գլխավոր խնդիրն ընդվզում պատրաստելն է ու այլընտրանք առաջարկելը. «Քաղաքական ուժերը 3 բան շատ պարզ ու մատչելի մեր հանրությանը պետք է ներկայացնեն՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու այլընտրանքային ծրագիր, դա իրականացնելու թիմ և իշխանափոխության ճանապարհային քարտեզ։ Մենք մեր պատկերացումներն ունենք այդ քարտեզի մասով, այս փուլում պատրաստվում ենք դրանք ներկայացնել մեր գործընկերներին, քանի որ մենք մեծապես կարևորում ենք համախմբումը, միասնական ճակատի ձևավորումը»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի խոսքով, այդ ընդվզումը մեկ քաղաքական ուժի խնդիր չէ. «Գաղափարները քննարկելու ենք ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր առողջ ուժերի հետ, ամբողջացնենք այս ամեն ինչը և դուրս գանք պայքարի։ Կոնկրետ օր, ժամ, տեղ այս պահին չեմ կարող ասել, բայց որ ամբողջ ուժով լծվելու ենք այս գործին՝ այդ մասին շատ հստակ հայտարարում ենք»։