Քաղաքական

«Բարեփոխումները, որ արվել են ու արվում են Երևանում, ակնհայտ են». Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում կհաղթի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը:  

«Այն բարեփոխումները, որոնք արվել են ու արվում են Երևանում, ակնհայտ են։ Կառավարության կողմից հատկացվել են գումարներ, որոնց շնորհիվ վերելակներ են վերանորոգվում, ավտոբուսներ են բերվում, կանաչապատում է իրականացվում, մաքրվում են փողոցները, շենքեր են վերանորոգում։ Այդ ամենն անում է Կառավարությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցներում։

ԱԺ նախագահը նաև հիշեցրել է  44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, որի արդյունքում ՔՊ-ն հաղթեց. «Ես վստահ եմ՝ եթե եկող շաբաթ ընտրություններ լինեն, ՔՊ-ն ավելի շատ ձայն կհավաքի, քան պատերազմից հետո եղած ընտրությունների ժամանակ էր: Մոռանո՞ւմ եք, որ պատերազմից հետո, որ ամենամեծ ցավն էր բոլորի համար, մենք 54 տոկոս ձայն հավաքեցինք, ո՞վ էր դրան հավատում»։