Քաղաքական

«Հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետև Հայաստանի իշխանությունն ընտրված է». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը քիչ հավանական է համարում, որ Էրդողանի՝ Բաքու այցից հետո Ադրբեջանը բանակցություններում կոշտացնի իր հռետորաբանությունը․ «Չէ, կոշտացնելը հո դրանո՞վ չի պայմանավորված, պայմանավորված է մեր դիրքից, ասելիքից, մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությունից: Պետք է նորից օրինակ բերեմ միջանցքի մասին խոսակցությունը, տեսաք՝ հայկական կողմը դրսևորեց իր կամքն ու մինչև վերջ ասաց, որ նման բան չի լինելու, կարծես թե, այդ ընկալումը եղավ, որ, իրոք, նման բան ո՛չ նախատեսվել է, ո՛չ էլ դրա մասին խոսվել  է, չնայած, որոշները փորձեցին սակարկել, թե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան է խոստացել», - ասել է նա։ 

Սիմոնյանը վստահեցրեց, որ հայկական կողմի վրա պարտադրանք չի կարող լինել, որովհետև Հայաստանի իշխանությունն ընտրված է․ «Եթե ընտրված չլիներ, այո՛, պարտադրանք կարող էր լինել: Հայաստանն այսօր մեծ հաջողություններ է գրանցում ժողովրդավարության մակարդակով։ Ճիշտ է, սխալներ ունենք, ամեն ինչ չէ, որ իդեալական է, բայց ակնհայտ է առաջընթացը, իշխանության կամքը՝ եղած խնդիրները լուծելու ու շտկելու, և դա չի կարող անարձագանք մնալ»,- ասաց նա։

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ապաշրջափակման հարցով խնդիր չկա, կա բանակցային պրոցես, որտեղ կան կարծիքներ, որոնք փորձում են բերել ընդհանուր եզրերի. «Ես չգիտեմ․ եթե Ադրբեջանն ուզում է, որ ռուսական կողմը վերահսկի մուտքը, ապա Հայաստանը նույնպես կարող է ուզել, որ երրորդ երկրի ներկայացուցչություն հսկի, որովհետև սահմանների բացումը, ապաշրջափակումը փոխադարձ պրոցես է։ Եթե ադրբեջանցին պետք է գա, Հայաստանի տարածքով գնա Նախիջևան, նշանակում է՝ Հայաստանի բնակիչը ևս կարող է Ադրբեջանի տարածքով գնալ Ռուսաստան կամ որևէ այլ երկիր։ Պայմանները պետք  է նույնը լինեն», - ասաց նա՝ վստահեցնելով, որ Հայաստանի տարածքի հետ կապված վերահսկողության հարցերը հայկական կողմն է որոշելու: