Քաղաքական

«Սյունիքը վերածվում է թե հյուսիս-հարավ, թե արևելք-արևմուտք հանգուցակետի». Շահան Գանտահարյան

Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։

- Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը հետաձգվեց։ Ինչպե՞ս եք բացատրում դա։

- Բաքուն երկակի խաղ է խաղում։ Տորպեդահարելով նոյեմբերյան համաձայնությունը՝ ռազմագերիները ազատ չարձակելուց մինչև Արցախի շրջափակում ու անցակետի տեղադրում, ըստ էության, խաղաթուղթ է տրամադրում Վաշինգտոնին՝ ընդգծելով, որ ռուսական խաղաղապահությունը չի աշխատում, և անհրաժեշտ են միջազգային նոր երաշխիքներ կամ համապատասխան գործիքակազմեր։ Մյուս կողմից խոչընդոտում է հավաքական Արևմուտքի ձեռնարկած բանակցային գործընթացի ինտենսիվությունը և հանդիպումների արագ հաճախականությունը՝ «թայմ աութ» վերցնելով։ Կարծում եմ՝ ցանկանում է բացառել որևէ նոր երաշխավորությունների ճնշման յուրաքանչյուր հավանականություն։

- Արդյո՞ք այստեղ ռուսական կողմի միջամտություն տեսնում եք։

- Ավելի շուտ շահերի համընկնում եմ տեսնում։ Եթե Բաքուն ուզում է բացառել որևէ նոր երաշխավորություն, դա, բնականաբար, բխում է Մոսկվայի շահերից, որն ամեն առիթով հայտարարում է, թե եռակողմ համաձայնություններից դուրս որևէ ուղղություն չի կարող աշխատել։ Բայց շահերի այս համընկնումը կարճատև դրվածք ունի։ Բաքուն ընդհանրապես որևէ երաշխավորություն չի ուզում և անվերջ ձգտում է Արցախն ընդունել տալ որպես Ադրբեջանի կազմի մաս՝ առանց որևէ երրորդ երկրի ներկայության։

- ԱՄՆ դեսպանը կրկին Սյունիքում էր։ Ինչպե՞ս եք մեկնաբանում այս այցը, ի՞նչ նշանակություն ունի։

- Դա խոսում է Սյունիքի աշխարհաքաղաքական նշանակության մասին։ Սյունիքը հանգուցակետ է թե՛ հյուսիս-հարավին, թե՛ արևելք-արևմուտքին։ Չի բացառվում, որ ռուսական հյուպատոսարանի բացմանը հետևի ԱՄՆ հյուպատոսարանի բացումը Սյունիքում։

- ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 օպերատիվ կենտրոն հիմնել Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։ Այս հանգամանքն ինչպե՞ս կընդունի ռուսական կողմը, և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։ 

- Դա ևս խոսում է Սյունիքի դերի մասին։ Սյունիքում ներկա են լինելու գլխավոր խաղացողների ներկայացուցչությունները։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որը գործընթացների ամբողջ առանցքային հանգույցն է, վերածվում է ոչ միայն տարածաշրջանի ապաշրջափակման, այլ աշխարհաքաղաքական կենտրոնի։ Սյունիքը վերածվում է ԱՄՆ, Թուրքիա, ԵՄ, Իրան, ՌԴ շահերի լաբորատորիայի։

Հայկ Մագոյան