Radar Armenia-ի զրուցակիցը քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն է։
- ԱԽ քարտուղարն օրերս հայտարարեց, որ եթե հայ-ադրբեջանական բանակցություններն այս ինտենսիվությամբ շարունակվեն, հավանական է՝ մինչև տարեվերջ կնքվի խաղաղության պայմանագիրը։ Դուք նման հնարավորություն տեսնու՞մ եք։
- Հնարավորություն տեսնում եմ, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կարող են վերջանալ խաղաղության պայմանագրով։ Ինչու՞ է ԱԽ քարտուղարը շեշտում հենց տարեվերջի մասին, որովհետև, իմ տեղեկություններով, ԱՄՆ-ն, առաջին հերթին՝ պետքարտուղարությունը, հանձնառություն ունի, որ այդ պայմանագիրն ստորագրվի մինչև այս տարվա վերջ, և նրանք շատ վճռական են տրամադրված։ Դրա մասին խոսվել է բազմիցս։ Պետդեպարտամենտի տարբեր ներկայացուցիչներ դրա մասին ասել և ակնարկել են։ Այստեղ կա նաև ներքաղաքական պատճառ։ Բայդենի վարչակազմը ցանկանում է հասնել խաղաղության պայմանագրին և դրանով ցույց տալ, որ նրանք կարող են անել այն, ինչ մինչ օրս չի կարողացել որևէ այլ միջնորդ, ներառյալ՝ ԱՄՆ նախորդ ադմինիստրացիաները։ Այս հարցում ես միշտ ունեցել եմ որոշակի լավատեսություն։ Կարծում եմ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելը հնարավոր է։ Այլ հարց է, թե ինչ գին պետք է վճարենք այդ խաղաղության համար։
- Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում պետք է մեկնարկեին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական բանակցությունները։ Հայտարարվեց, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է հանդիպումը։ Ինչպե՞ս եք բացատրում այս հանգամանքը։
- Կան օրակարգի՝ դեռևս չհամաձայնեցված հարցեր։
- Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Արդյո՞ք հանդիպման դեպքում կողմերը կկարողանան հասնել նրան, որ Ստեփանակերտն ու Բաքուն ուղիղ բանակցություններ սկսեն։
- Չեմ կարծում, որ Վաշինգտոնում՝ հենց բանակցությունների այս փուլում, կողմերը հասնելու են լուրջ արդյունքների։ Պետք է հասկանալ, որ քննարկվում են տեխնիկական հարցեր, իսկ դրանք այս փուլում ամենակարևորն են։ Ինչպես գիտենք, սատանան մանրուքների մեջ է։ Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կողմերը Ստեփանակերտի և Բաքվի բանակցությունների մասով կոնսենսուս կունենան։ Ադրբեջանը դա տեսնում է հետևյալ կերպ՝ բանակցությունները պետք է գնան ներքաղաքական մակարդակով։ Ադրբեջանը Արցախը դիտարկում է սեփական տարածքի մաս։ Արցախում դեռ այսօր մի քիչ այլ կերպ են տրամադրված։ Չեմ խոսում Հայաստանի մասին։ Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում կողմերը կկարողանան հասնել կոնսենսուսի, բայց դա չի էլ բացառվում։ Հիմա, կարծում եմ, ավելի շատ կենտրոնացած կլինեն մնացած երկու «քեյսի» վրա։ Դա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն է և կոմունիկացիաների վերաբացումը։
- Այս համատեքստում ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարեց, որ ԱՄՆ և ԵՄ խաղաղության բանաձևերը ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցնի։ Արևմուտք-ՌԴ մրցապայքարը չի՞ նվազեցնում խաղաղության օրակարգի հավանականությունը։
- Կարծում եմ, որ տիկին Զախարովան ավելի շատ «принимает желаемое за действительное», որովհետև Ռուսաստանի հնարավորություններն այսօր այդքան էլ շատ չեն, որ կարողանա ազդել բանակցությունների վերջնարդյունքի վրա։ Թեև, որևէ կերպ չեմ կարող բացառել, որ կարող է գալ մի պահ, երբ Ալիևը, հասկանալով, որ ճնշումը մեծացել է՝ նույն Ստեփանակերտ-Բաքու երկխոսության մասով, կարող է նորից թեքվել և ընկնել Պուտինի գիրկը։ Սա էլ է հնարավոր, և սա գործիք է, որն Ալիևը շատ ակտիվ օգտագործում է Արևմուտքում՝ բանակցությունների ժամանակ։ Այդ վտանգը կա, որ նա կարող է նորից թեքվել Ռուսաստան։ Այնպես, որ մրցապայքարն իրականում ոչ թե նվազեցնում է, այլ բարձրացնում հավանականությունը՝ այն մասով, որ եթե չլիներ այդ մրցապայքարը, և ամեն ինչ լիներ ռուսական վերահսկողության մոդերացիայի ներքո, մենք ընդհանրապես չէինք կարող ակնկալել որևէ պայմանագիր։ Լինելու էր այն, ինչ գրված է նոյեմբերի 9-ի չարաբաստիկ թղթի կտորի մեջ։ Իսկ սա մեզ համար որևէ դրական ակնկալիք իր մեջ չի պարունակում։ Բայց նորից եմ ուզում շեշտել, որ Ալիևը ակտիվ խաղալու է Արևմուտք-Ռուսաստան մրցապայքարի վրա և փորձելու է դրա շնորհիվ քաղել ամենաբարձր դիվիդենտներն Ադրբեջանի համար։ Կարծում եմ՝ կա որոշակի լավատեսություն այս հարցում, բայց պնդել, որ միանշանակ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կկնքվի, չի կարելի, որովհետև կան բազմաթիվ խութեր, և աշխարհաքաղաքական իրավիճակը կարող է նորից փոխվել։ Շատ բան կախված է, այդ թվում, Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններից։
Հայկ Մագոյան