Քաղաքական

«Հայաստանը դիտարկում ենք որպես Արևելքն ու Արևմուտքը կապող երկիր, առևտրի երկիր»․ ՀՀ ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի ընթացքում ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից եղել է պաշտոնական ընդունելություն: Սըր Լինդսի Հոյլը ողջունել է Հայաստանի պատվիրակության այցը, նշել, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը լավ գործընկերներ են և խոսքը փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Նախ թույլ տվեք սրտանց շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորություն այցելելու հրավերի համար: Համոզված եմ, որ նման այցերը կենսական նշանակություն ունեն և նպաստում են փոխըմբռնման և համագործակցության ընդլայնմանը: Իմ ցանկությունն է բրիտանական կողմին ներկայացնել Հայաստանի իրավիճակի ավելի ամբողջական պատկերը:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցությունը և հույս ունենք համատեղ ջանքերով ամրապնդել մեր հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Մենք շատ ուրախ ենք ողջունել Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը և հուսով ենք, որ այն նոր դարաշրջան կբացի մեր երկկողմ հարաբերություններում: Թույլ տվեք ընդգծել մեր հարաբերությունների իրավական դաշտի կարևորությունը: Այս առումով առաջնային նշանակություն ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը:

Ամբողջ աշխարհի համար այն հեռանկարը, որ հետխորհրդային պետությունը կընդունի իրական ժողովրդավարական ընտրություններ և կմերժի օրուելյան ֆարսը, որը տեղի է ունենում ժողովրդավարության անվան տակ, առնվազն զարմանալի պետք է լինի: Այնուամենայնիվ, ես հպարտությամբ պնդում եմ, որ Հայաստանն ընտրել է հենց այդ ճանապարհը: Չնայած մեր առջև ծառացած մարտահրավերներին, մենք անսասան ենք մեր համոզմունքի մեջ, որ ժողովրդավարությունը լավագույն քաղաքական կառույցն է մարդկային ներուժն իր բազմազան ձևերով բացահայտելու համար:

Հիմա թույլ տվեք կենտրոնանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ինչպես հավանաբար գիտեք, 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Այս ոչ բռնի գործողության շնորհիվ հայ ժողովուրդը կողմնորոշվեց իր ապագայի հարցում, մերժեց մեր երկիրն ավելի քան երկու տասնամյակ կառավարող իշխանություններին և ազատ ընտրություններում ընտրեց նոր խորհրդարան՝ իր պետության շահերը պաշտպանելու համար:

Հայաստանը լիովին հանձնառու է հետագա ժողովրդավարական բարեփոխումներին քաղաքական և տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ զինված ուժերը և դատական համակարգը: Նույնիսկ 2020 թվականի 44-օրյա սարսափելի պատերազմից հետո մեր ժողովուրդն արտահերթ ընտրություններում քվեարկեց ներկա իշխանությունների օգտին՝ համարելով, որ նրանք միակ ուժն են, որն ունակ է իրեն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման, ներառական հասարակության ստեղծման և բոլորի բարգավաճման ճանապարհով:

Վերջին բանաձևերում Եվրոպական խորհրդարանը բարձր է գնահատում Հայաստանի էվոլյուցիան: Նշվում է, որ երկրի պայքարը հանցավորության և կոռուպցիայի դեմ այն դարձրել է տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից մեկը: Ավելին, մեր երկիրը հիշատակվում է կանանց հզորացման համար, հատկապես բոլոր մակարդակներում որոշումների կայացման համատեքստում:

Ինչ վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումներին, ապա բանաձևերում ընդգծվում է 2018 թվականից ի վեր երկրի արձանագրած էական առաջընթացը, ինչը երկիրը բնութագրում է որպես ժողովրդավարության տարածաշրջանային առաջնորդ: Մասնավորապես, բարձր են գնահատվել վերջին երկու ընտրությունները: Եվրոպական խորհրդարանը ճանաչել է քաղաքական ֆինանսավորման համակարգի ամբողջականության ապահովման և քաղաքական կուսակցությունների թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ջանքերը:

Իր վերջին զեկույցում Freedom House-ը նշել է նաև 2022 թվականին մեր երկրի կողմից ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները՝ ընդգծելով ՀԿ-ների և լրատվամիջոցների ոլորտում առաջընթացը և նշելով, որ այն տարանցիկ երկրների շարքում միակ երկիրն էր, որն առաջ է անցել մեկից ավելի ցուցանիշներով: Զեկույցում նաև ճանաչվում են այն հսկայական մարտահրավերները, որոնց բախվում է մեր երկիրը՝ ի դեմս Ադրբեջանի:

Ճիշտ է, դեռ շատ անելիքներ կան, սակայն Հայաստանի կառավարությունը հստակ է իր տեսլականում և հաստատակամ է իր առջև դրված առաքելությունը կատարելու վճռականության մեջ: Հայաստանը վճռական է բարգավաճելու անվտանգ և խաղաղ տարածաշրջանում, որն անկախ է արտաքին ցանկացած սպառնալիքից: Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ: Մենք ձգտում ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը և ապահովել մեր երկրի անվտանգությունը: Սրանք են մեր հիմնական սկզբունքներն ու մեր մանդատի էությունը:

Բայց մենք ավելիին ենք ձգտում: Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հսկայական չօգտագործված ներուժ ունեցող խաչմերուկ՝ Արևելքն ու Արևմուտքը կապող երկիր, առևտրի երկիր, որի շնորհիվ ժողովուրդները միավորվում են, իսկ թշնամանքը հանդարտվում է: Շնորհակալ եմ ուշադրության համար»: