Քաղաքական

«Հրապարակային հաստատման կարիք կա». ԱԳ նախարարն՝ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29,8 հազար կմ2 տարածքով։ Բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ հանդիպումն ամփոփվել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությամբ, որտեղ դա նշվում է՝ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը թվերով, և դրանից հետո Ադրբեջանի կողմից որևէ հրապարակային հերքում չի եղել,- ասել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան։

Նրա խոսքով՝ նույնը տեղի է ունեցել հաջորդ հանդիպումների ընթացքում. «Հուսամ՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը առաջիկայում Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչմամբ հանդես կգա հենց այդ բառերով»։

Ըստ Միրզոյանի՝ Ադրբեջանը չի առարկել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման հարցում, պարզապես այս թվերի հիշատակումը հստակեցման մեխանիզմ է. «Հրապարակային հաստատման կարիք կա, թերևս, քանի որ այդ հարցը բարձրացնում ենք, հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ առ այն, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել Հայաստանի նկատմամբ։ Սրա մասին էին և՛ 2022թ. սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիան՝ ներխուժումը Հայաստանի տարածք, և՛ մինչ այդ եղած ներխուժումները, և՛, ինչու չէ, վերջերս Տեղ գյուղի միջադեպը։ Եվ, ահա, նման բաները վերացնելու համար է, որ օր առաջ, հնարավորինս արագ, գուցե, սահմանազատման աշխատանքը հնարավոր չէ անել, բայց սահմանազատման պարամետրերին, որքան հնարավոր է, առավելագույնս հստակ և քիչ մեկնաբանությունների տեղ թողնող ձևակերպումներով հասնել»։