ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-5-ին Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հարցազրույց է տվել CNN primanews հեռուստաընկերությանը: Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետի հարցազրույցի սղագրությունը:
CNN primanews – Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի գլխավոր խնդիրը Լեռնային Ղարաբաղի իրավիճակն է։ Լեռնային Ղարաբաղում այս պահին մնացել է շուրջ 120.000 հայ: Նրանք կախված են մեկ ցամաքային միջանցքից, որը վերահսկվում է ռուսական զորքի կողմից։ Այսպիսով, ինչպիսի՞ն է այս պահին Լեռնային Ղարաբաղում բնակչության տնտեսական, հումանիտար և անվտանգային վիճակը։
Նիկոլ Փաշինյան – Գիտեք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Ադրբեջանն ապօրինի կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը: Ինչո՞ւ ենք ասում ապօրինի, որովհետև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հայերի, Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ ապահովելու համար: Եվ համաձայն եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը որևէ վերահսկողություն այդ միջանցքի նկատմամբ չպետք է ունենա: Ընդ որում՝ միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կմ լայնությամբ անվտանգության գոտի: Արգելափակումը, այդ բերումով, ապօրինի է:
Արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացել է հումանիտար ճգնաժամ, որովհետև նախ մարդիկ զրկված են տեղաշարժի իրավունքից, երկրորդ՝ սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումները տեղի են ունենում ընդհատումներով՝ խաղաղապահների և Կարմիր խաչի միջոցով: Եվ դրա հետևանքն այն է, որ մարդիկ ապրանքներ խանութներից կարող են գնել միայն կտրոններով, որոնք թողարկվել են Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից, որպեսզի սննդի պաշարները կարողանան կառավարել:
Նախորդ տարվա դեկտեմբերից շարունակական բնույթ են կրում Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի անջատումները, և այս պահին էլ բնական գազ և էլեկտրական էներգիա Լեռնային Ղարաբաղին չի մատակարարվում: Ձմռան ամիսներին դրա ամենակարևոր հետևանքն այն էր, որ փակվել էին բոլոր դպրոցները և մանկապարտեզները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, և շուրջ 30 000 երեխաներ և ուսանողներ զրկվել էին կրթության իրավունքից: Իհարկե, եղանակների տաքացման հետ, արդեն և՛ մանկապարտեզները, և՛ դպրոցները, և՛ բուհերը բացվել են, և կրթական պրոցեսը վերականգնվել է:
Հաջորդ կարևոր հանգամանքը, որ այս իմաստով պետք է նշել հետևյալն է. 2023 թվականի արդեն փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը միջանկյալ որոշում կայացրեց, որով Ադրբեջանին պարտավորեցնում էր ապաարգելափակել Լաչինի միջանցքը՝ ապահովելու քաղաքացիների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով: Ադրբեջանն այդ որոշման պահանջը, որն իրավական պարտադիր ուժ ունի, որովհետև Արդարադատության միջազգային դատարանը միջազգային բարձրագույն դատական ատյանն է, ըստ էության, ոչ միայն չկատարեց, այլև մոտ տասն օր առաջ ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում: Սա արդեն ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, այլև Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշման խախտումն է:
Հիմա, ինչո՞ւ է Ադրբեջանն այս ամենն անում: Մեր գնահատականը և համոզմունքն այն է, որ սրանք առանձին վերցրած գործողություններ չեն, այլ նախապատրաստություններ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու, երբ խոսքը գնում է էթնիկական զտումների մասին, խոսքը այն մասին է, որ ըստ Ադրբեջանի՝ Լեռնային Ղարաբաղում հայերն ընդհանրապես չպետք է ապրեն:
CNN primanews – Հայաստանը 90-ականների սկզբից ի վեր բավականին մեծ կախում ունի Ռուսաստանից անվտանգության տեսանկյունից, դուք ունեք ռուսական ռազմաբազա Հայաստանում, ունեք ռուսական սպառազինություն, երկուսդ էլ անվտանգային պայմանագրի կազմակերպության անդամ եք, ուստի ես մի տեսակ երկակի հարց ունեմ՝ դա խելացի՞ քայլ էր, և մյուս կողմից այլ տարբերակներ ունեի՞ք:
Նիկոլ Փաշինյան – Ըստ էության, մենք այսօր գտնվում ենք մի իրավիճակում, երբ որոշակի հիասթափություն կա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության վերաբերյալ, որովհետև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այն հիմնական մեխանիզմն է, որով Հայաստանի Հանրապետությունը պիտի ապահովեր իր անվտանգությունը: Բայց 2021 թվականի մայիսին և նոյեմբերին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիաների ընթացքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ոչ պատշաճ արձագանքը որոշակի հիասթափություն է առաջացրել առաջին հերթին Հայաստանի ժողովրդի շրջանում, որովհետև որոշակի վստահություն կար, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը հուսալի մեխանիզմ է անվտանգության ապահովման:
Բայց դա տեղի չունեցավ, և նաև սա էր պատճառը, որ մենք ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովի ընթացքում հնարավոր չհամարեցինք կոնսենսուսի հաստատումը մի շարք հիմնարար փաստաթղթերի վերաբերյալ: Բայց ես ուզում եմ, որ մենք հարցը դիտարկենք նաև հակառակ կողմից, որովհետև դա վնասակար է նաև կազմակերպության համար, որովհետև, ըստ էության, այն ինչ տեղի ունեցավ իմ նշած ժամանակաշրջանում Հայաստանի հետ, դա առաջին հերթին հարվածում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հեղինակությանը: Այսինքն, սա նաև հենց իր՝ կազմակերպության համար որոշակի հետևանքներ կունենա:
CNN primanews – Կարծում եմ՝ ամբողջ պատերազմի ընթացքում, և անցյալ տարվա նոյեմբերին Երևանում կայացած գագաթնաժողովի ժամանակ, երբ Դուք հրաժարվեցիք ստորագրել փաստաթուղթը, և պարոն Լուկաշենկոն ցնցված էր, իսկ պարոն Պուտինն ակնհայտորեն զայրացած էր, ես նրան երկար ժամանակ այդքան զայրացած չէի տեսել, և զայրացած թողեց հեռացավ։
Նիկոլ Փաշինյան – Դրանք աշխատանքային իրավիճակներ են, և Ձեր նշած ամփոփումից հետո աշխատանքային ճաշ է տեղի ունեցել, և մենք հանդարտ, փոխադարձ հարգանքի մթնոլորտում քննարկել ենք գործերի ընթացիկ վիճակը և թե ինչպես կարող ենք հաղթահարել ստեղծված իրավիճակը:
CNN primanews – Ինչպե՞ս են Ձեր անձնական հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ. նա կարծես շատ սառը մարդ է, գրեթե առանց զգացմունքների: Նրա հետ աշխատանքային հարաբերություններ ունե՞ք, կամ անձնական հարաբերություններ ունե՞ք, թե՞ ոչ, թե՞ դա երկու պետության գործն է։
Նիկոլ Փաշինյան – Ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ էկրաններից երևացող տպավորությունները, իրական կյանքի տպավորությունները, այն բարդությունները, որոնք մենք ապրում ենք և այն բարդ ժամանակաշրջանները, որոնցում մենք գտնվում ենք, տարբեր շերտեր են իրականում: Եվ այո՛, մեր շփումը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ շատ ինտենսիվ է եղել և շարունակում է ինտենսիվ լինել:
Մենք այս ամիս առնվազն 2 անգամ կհանդիպենք: Եվ պիտի ասեմ, որ դա և՛ անձնական շփում է, և՛ քաղաքական շփում է, և՛ աշխատանքային շփում է: Այլ բան, որ հատկապես հիմա մենք շատ չենք քննարկում, կամ համարյա չենք քննարկում այն հարցերը, որոնք չեն վերաբերում մեր երկկողմ հարաբերությունների օրակարգին կամ մեր տարածաշրջանային օրակարգին: Ես Ձեզ անկեղծ մի բան ասեմ՝ Հայաստանը չափից ավելի մեծ խնդիրներ ունի՝ ավելի լայն տարածաշրջանի և աշխարհամասերի հոգսը նույնպես իր ուսերին կրելու համար: Մեր հոգսերը, ցավոք, ավելի քան բավարար են, և մենք մեր հարաբերություններում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ, փորձում ենք լուծել մեր օրակարգի խնդիրները, ինչն ինչպես տեսնում եք, ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է:
CNN primanews – Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումն ուկրաինական պատերազմի, Ուկրաինայի վրա ռուսական ագրեսիայի վերաբերյալ, որովհետև մի կողմից դուք Ռուսաստանի դաշնակիցն եք, մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում Ռուսաստանի Դաշնության կողմից շատ անցանկալի արարքների Ուկրաինայում։
Նիկոլ Փաշինյան –Դուք ասացիք, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Իհարկե, սրա մասին երբեք բարձրաձայն չի ասվել, բայց կարծում եմ՝ դա տեսանելի է. Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա:
Արևմուտքում նկատում են, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք, ավելի շատ դա են նկատում, Ռուսաստանում տեսնում են, որ մենք Ուկրաինայի պատերազմում իրենց դաշնակիցը չենք, և ստացվում է, որ մենք այս իրավիճակում ոչ մեկի դաշնակիցը չենք, ինչը նշանակում է, որ խոցելի ենք: Որովհետև, ընդ որում, թվում է, թե կա տարբերակ խուսանավել այս բոլոր բախումների միջև, բայց նաև ճշմարտությունն այն է, որ ինչքան բարդանում է իրադրությունը, այնքան նեղանում է խուսանավելու հնարավորությունը: Մենք ոչ թե խուսանավում ենք նրա համար, որ մենք կարծիքներ չունենք իրավիճակի վերաբերյալ, այլ մենք խուսանավում ենք քիչ առաջ իմ ասածի պատճառով, որ մեր հոգսերը, ցավոք, ավելին են, քան թույլ կտան մեզ ավելի շատ ներգրավված լինել այլ հոգսերի լուծման գործում:
CNN primanews – Հայաստանը շատ բարդ քաղաքական իրավիճակում է. ձեր խոշոր հարևանն է՝ Թուրքիան, Ռուսաստանը տարածաշրջանային այլ մեծ տերություն է, կա նաև Իրանը, իսկ Եվրամիությունը, թվում է, բավականին հեռու է, բայց ինչպե՞ս կարող է իրատեսորեն Եվրամիությունն օգնել լուծելու Հայաստանի՝ Լեռնային Ղարաբաղի բարդ հարցը։ Մենք իրականում տարբերակներ ունե՞նք, մեր ձեռքում որևէ լծակներ կա՞ն:
Նիկոլ Փաշինյան – Նախ մեր ռազմավարությունը հենց Ձեր նշածի բերումով է: Տեսեք, Դուք ասում եք, որ մենք բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ ենք: Իրականում, մենք ոչ թե բարդ աշխարհաքաղաքական իրադրության մեջ ենք, մենք աշխարհագրական իրադրության մեջ ենք:
Այսինքն՝ մեր բարդությունը ոչ թե աշխարհաքաղաքականությունից է, մեր բարդությունն աշխարհագրությունից է, որովհետև ինչպես էլ փոխվի աշխարհի քաղաքականությունը, մեր աշխարհագրությունը չի փոխվելու: Եվ դրա համար մենք, առավել ևս հիմա, մեր ժողովրդին առաջարկում ենք և առաջարկել ենք քաղաքական հետևյալ տեսլականը, որ մեր արտաքին քաղաքականության առաջնային նպատակը պետք է լինի բնականոն հարաբերություններն առաջին հերթին մեր անմիջական հարևանների հետ: Ինչքան էլ սա բարդ է՝ նույնիսկ լսելը, որովհետև պատմությունն իր հետ շատ մեծ բարդություններ է բերել, շատ մեծ նեգատիվ բեռ է բերել:
CNN primanews – Դուք իշխանության եք եկել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում, որը բոլոր չեխերին հիշեցնում է 1989 թվականի թավշյա հեղափոխության մասին։ Երկու տարի անց Դուք բախվեցիք 90-ականների սկզբից ի վեր հայ ժողովրդի ամենամեծ մարտահրավերին։ Սպասու՞մ էիք, որ նման մարտահրավերի կհանդիպեք։
Նիկոլ Փաշինյան – Ես կարող եմ ասել, որ կարծեմ այդ հարցազրույցը հրապարակված է, դա հաստատ հեղափոխությունից առաջ էր. մի անգամ ինձ հարցեցին՝ ո՞վ է քաղաքական գործչի Ձեր իդեալը, ես երկու մարդու անուն եմ տվել, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, վստահաբար ես ասել եմ Նելսոն Մանդելա և Վացլավ Հավել: Եվ իրոք այն հեղափոխությունը, որը մենք իրականացրել ենք, այդ օրինակները և Չեխոսլովակիայի օրինակը, իհարկե, միշտ իմ մտքում և իմ աչքի առաջ եղել են: Կարո՞ղ էի արդյոք ենթադրել, այո՛, կարող էի ենթադրել, բայց մյուս կողմից, ըստ էության, չէի կարող ենթադրել, որ իրականում ոչ միայն մարտահրավեր էր, այլև ըստ էության, այս դեպքում աշխարհաքաղաքական թակարդ, և, ըստ էության, փակուղի:
Իհարկե, ես այդ մասին շատ եմ մտածում և, բնականաբար, ինքս ինձ հարցեր եմ տալիս, և պետք է ուղիղ ասեմ, որ մինչև հիմա այնպես չէ, որ բոլոր հարցերի պատասխաններն ինքս ինձ համար գտել եմ: Ենթադրել, իհարկե, միշտ էլ կարելի է ենթադրել, բայց, իհարկե, մարդն իր էությամբ լավատես է լինում և լավատես է, չնայած այդպիսի ասացվածք էլ կա՝ երկու տարբերակ կա, որ լավատեսը վատ տեղեկացված հոռետեսն է: Բնականաբար, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչքան ավելի շատ տեղեկացա, այնքան ավելի լավատեսությունը պակասեց:
CNN primanews – Պարոն վարչապետ, շնորհակալ եմ Ձեզ ժամանակ տրամադրելու համար և հաջողություն եմ մաղթում Ձեր դժվար գործում։
Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: