Քաղաքական

Արսեն Թորոսյանը կհարցաքննվի. Սասուն Խաչատրյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտարարել է, թե կորոնավիրուսի համավարակի ընթացքում ենթադրյալ չարաշահումների գործով կհարցաքննվի այն ժամանակ Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արսեն Թորոսյանը։ 

«Ինձ թվում է՝ հարցաքննության կարիքը կա, կհարցաքննենք, որովհետև Արսեն Թորոսյանն է զբաղեցրել Առողջապահության նախարարի պաշտոնը։ Պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, ինչպես նաև քննությունն էլ մի շարք հարցեր ունի»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին Կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, որ հետո ազատ էր արձակվել։

Արսեն Թորոսյանը քրեական գործի հարուցումից հետո բազմիցս հայտարարել է, թե ինքը պատրաստ է հարցաքննվել. «Տարօրինակը այն է, որ մինչ օրս չեն հարցաքննվել ո'չ նախորդ նախարարը, այսինքն ես, ո'չ գործող նախարարը (իմ ունեցած տեղեկություններով): Իմ բազմաթիվ փորձերը հասնելու նրան, որպեսզի ինձ նույնպես հարցաքննեն, ապարդյուն են մնացել և ես այստեղ միտում եմ տեսնում, քանի որ իմ հարցաքննությունից հետո այն մտացածին թեզը, որ ինչ-որ մեկը դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ընդհանրապես ի չիք կդառնար»,- ասել էր նա: