Քաղաքական

ԵՄ-ն «բացարձակ անհիմն» է որակում ՀՀ-ում ԵՄ դիտորդների վերաբերյալ Շոյգուի հայտարարությունները

Հայաստանում ԵՄ գրասենյակը  բացարձակ անհիմն է որակել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը, թե Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը ներառում է զինվորականներ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։

Մայիսի 25-ին ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր. «Արևմուտքն ամեն կերպ փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը։ Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված, քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինվորականներ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»։

Մեկնաբանությունների համար Radar Armenia-ն դիմել էր Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակ․ «Մենք տեսել ենք այդ մեկնաբանությունները, որոնք բացարձակ անհիմն են։ Ինչպես արդեն մի քանի անգամ նշվել է, EUMA-ն զուտ քաղաքացիական, անզեն դիտորդական առաքելություն է»,- նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի պատասխանում:

Հայկ Մագոյան