Քաղաքական

«Եթե «միջանցք» տերմինի տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, չենք քննարկելու». Մհեր Գրիգորյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «զանգեզուրյան միջանցք» տրամադրելու մասին հայտարարություններին։

Գրիգորյանն ասել է, թե ենթակառուցվածքների վրա ամբողջությամբ տարածվելու է Հայաստանի իրավազորությունը, և այդ սկզբունքի հիման վրա հայկական կողմը միշտ պատրաստ է քննարկումների ու ապաշրջափակման. «Շատ դեպքերում անվանվել է տրանսպորտային միջանցք, ինչը միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է, շատ դեպքերում էլ ընդգծվել է միջանցք տերմինը, կարծում եմ՝ այլ վերաբերմունք ունենալու տեսանկյունից։ Մենք մշտապես, երկրորդ տարբերակի հետ կապված, տվել ենք մեր պաշտոնական դիրքորոշումը, որ դա բացառված է։ Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել։ Միջանցքների մասին․ եթե ենթադրվի այդ տերմինի տակ հատուկ ռեժիմ, չենք քննարկելու»,- ասել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է սահմանազատման թեմայով փոխվարչապետների հանձնաժողովի նոր հանդիպմանը, Գրիգորյանն ասել է, թե նոր պայմանավորվածություն չկա։