Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-ում անդրադարձել է անկլավների խնդրին․ «Բանակցություններում անկլավների հետ կապված տարբեր քննարկումներ և սցենարներ կան։ Երբ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը։ Որևէ տարածքի որևէ կարգավիճակի համար գոյություն ունեն իրավական հիմքեր։ Կարծում եմ՝ այդ ժամանակ գործընկերները կտեսնեն՝ ո՛ր տարածքը ի՛նչ իրավական հիմք ունի»,- ասել է նա:
Ըստ Սանոսյանի՝ անկլավային տարածքներ ունեն թե ադրբեջանական, թե հայկական կողմերը. «1990-ականների պատերազմից հետո, հատկապես՝ Տավուշում, ունենք տարածքները, որոնք գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ։ Այդ ամենը մեկ ընդհանուր փաթեթի մեջ կդիտարկվի»։
Ինչ վերաբերում է նրան, որ վիճահարույց տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դեպքում հնարավոր է պետական նշանակության ճանապարհներ հայտնվեն հակառակորդի վերահսկողության տակ, Սանոսյանը նշեց, որ բոլոր սցենարների դեպքում պետք է գտնեն լուծումներ, և, ինչպես Սյունիքում եղավ, այս դեպքում էլ փոխարինող ճանապարհներով ելքեր կմտածեն։