Քաղաքական

«Ընթացիկ ծախսեր իրականացնելու համար պարտք չենք վերցնում». վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ անդրադարձել է պետական պարտքի ցուցանիշին։ Նրա խոսքով՝ կառավարությունը գոհ կլինի, եթե մինչև 2026թ․ պետական պարտքի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 60%-ից ցածր լինի։

Վարչապետը շեշտել է, որ 2022թ․ արդյունքներով` պարտք-ՀՆԱ ցուցանիշը կազմում է 46,7%: 2017-ին այդ ցուցանիշը եղել է 58,9%. «Պարտքի գնահատման առումով ուզում եմ  արձանագրել, որ նոմինալ  պարտքը մեծացել  է։ Ընդ որում, մեծացել է նաև հասկանալի պատճառներով, որովհետև վարկային ծրագրեր ունենք, նաև քովիդի կառավարումն է շատ մեծ ռեսուրսներ պահանջել, ու արտաքին պարտքն այդ ժամանակ նույնպես մեծացել է»։

Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարել այն հանգամանքը, որ կառավարությունը պարտքը ծախսում է միայն կապիտալ նպատակներով. «Ընթացիկ  ծախսեր՝ աշխատավարձ, թոշակ բարձրացնելու համար պարտք չենք վերցնում»:

Նա խոսել է նաև գնաճի տեմպերից՝ նշելով, որ այստեղ որոշակի կայունացում է նկատվում. «Ապրիլի դրությամբ գնաճը վերադարձել է բյուջեով կանխատեսված ու նախատեսված ցուցանիշներին, ու հույս ունենք, որ այս դինամիկան կպահպանվի»։