ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյաը հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավոր էր կանխել ադրբեջանական անցակետի տեղակայումը Հակարի կամրջի վրա, հատկապես որ, այն տեղակայվեց ՌԴ-ի հենակետից 20-30 մետր հեռավորության վրա. «Բնականաբար, Ռուսաստանն ունի իր պատասխանատվությունը, Ռուսաստանի գործողությունները պետք է լինեն շատ ավելի հասցեական»,- ընդգծել է նա։
Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստում երեկվա հայտարարություններին, նա նշել է, թե այդ խոսքերից հետևում է, որ Մոսկվան, բացի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որևէ այլ պայմանավորվածություն չունի Ադրբեջանի հետ։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետի հետ երկկողմ հանդիպումից հետո Պուտինը հայտարարել է, թե իր դիրքորոշումները չեն փոխվել, և որ դրանք արտացոլում են այն, ինչ նշված է վերոնշյալ եռակողմ հայտարարությունում. «Ադրբեջանը Լաչինի միջանցքում Խաքարի գետի կամրջի վրա անցակետ է տեղադրել, որպեսզի բանակցային գործընթացում հնարավորինս թանկ վաճառի իր ծրագրերը»։