Քաղաքական

Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել, փորձելու ենք էլի. Աղվան Վարդանյանը՝ իշխանափոխության մասին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր հայտարարել է, թե ընդդիմությունը կրկին փորձելու է հեռացնել իշխանությանը:

«Մենք դեռ չենք կարողացել հեռացնել, քանի որ իշխանությունն իրենց համար ամեն ինչ է: Մեղավոր ենք, սխալ ենք, չենք կարողացել, փորձելու ենք էլի: Եվ սա լինելու է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում. կարծում եմ՝ այս երկու կենտրոններում պետք է ձևավորվի հեռացնելու նոր գործընթաց»,-ասել է Վարդանյանը:

Ընդդիմության սխալների մասին խոսելիս պատգամավորը նշել է. «Այդ մեղքերը մենք էլ ենք վաղուց ընդունել, հազար անգամ ասել ենք, որ չենք կարողացել համախմբել, չենք կարողացել հանրության ավելի լայն շրջանակների հասանելի դարձնել այս կործանարար ընթացքը»:

Վարդանյանի պատկերացմամբ՝ անհրաժեշտ է ընդամենը պայմանական 100 մարդ, որոնք 100 տոկոսով իրար հետ համաձայն են, պատրաստ են կանգնել մինչև վերջ, մինչև վերջ գնալ ինքնազոհաբերության, վճռական ցանկացած քայլի: