Քաղաքական

Երևանում մեկնարկեց Ռամկավար ազատական կուսակցության 29-րդ համաժողովը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Աշխարհի տարբեր երկրների ՌԱԿ 19 մասնաճյուղերի պատգամավորները ժամանել են Երևան՝ մասնակցելու համագումարին։ Ավարտին կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, դեսպաններ, քաղաքագետներ և այլք։

Համագումարը մեկնարկեց Հայաստանի և ՌԱԿ օրհներգերով, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։

 

Radar Armenia-ի հետ զրույցում կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ, Կիպրոսից Հայաստան ժամանած Ասատուր Դևլեցյանը նախ հայտարարեց, որ համագումարի մեկնարկով ՌԱԿ-ը Հայաստանում նոր փուլ է սկսում, ապա, անդրադառնալով Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին, նշեց, որ սփյուռքի հայերը մտածում են, որ Հայաստանի ճակատագիրը պիտի որոշեն Հայաստանի բնակիչները․ «Մենք կհավատանք, որ միայն երկու բան է հավերժական՝ հայրենիքը և ժողովուրդը։ Մնացած ամեն ինչ անցողիկ է և պարագայական»։

Կուսակցության փոխատենապետն, անդրադառնալով կուսակցության հարյուրամյա գործունեությանը, նշեց, որ այսօր վախեցնող մտորումների մեջ են, բայց նաև համոզված, որ կհաղթահարենք դժվարությունները։ Նա հավելեց, որ պետք է կասեցնել Արցախի հայաթափումը։ 

Ներկաներին փոխանցվեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի ողջույնի խոսքը կուսակցության համագումարի առթիվ։ Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական խոսքը․ «Կուսակցությունն իր մեկդարյա գործունեությամբ ծառայում է մեր ժողովրդին և հայրենիքին՝ հանդիսանալով հանրությանը ոգեշնչող, կարևոր ազգային խնդիրների լուծման, ցեղասպանության միջազգային ճանաչման, հայոց ներգաղթի կազմակերպման և այլ համազգային խնդիրների լուծման կարևոր կազմակերպություններից մեկը։ ՀՀ կառավարությունն այսօր էլ զգում է ՌԱԿ աջակցությունն ու զորակցությունը»,- ասված էր վարչապետի ողջույնի և շնորհավորական խոսքում։

Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ ՌԱԿ-ը սփյուռքի հանձնակատարի գրասենյակի գործընկերն է ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում։ Ողջույնի խոսքով հանդես եկան կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՌԱԿ ղեկավար Հրաչյա Կարապետյանը։

Կուսակցության հետ ակտիվ համագործակցության համար ցեղասպանության թանգարանի տնօրեն Հարություն Մարությանը պարգևատրվեց հուշամեդալով։

Համագումարի բաց հատվածի եզրափակիչ մասում տեղի ունեցավ «Դար մը ազգանուեր ծառայություն 100-ամեակ» պատկերագրքի շնորհանդեսը, որտեղ ներկայացված էր կուսակցության հարյուրամյա գործունեությունը, անցած ճանապարհն ու հաջողությունները։

Հայկ Մագոյան