Քաղաքական

«Պետք է ընտրություն կատարենք պատերազմի և արկածախնդրության ու խաղաղության միջև». Պապոյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Ցանկությունների առումով՝ ես մեծ ցանկություններ ունեմ Հայաստանի ապագայի ու տարածքների վերաբերյալ, վստահաբար, ձեր պատկերացրածը ավելի փոքր է լինելու, քան իմը, բայց ես իրավունք չունեմ ռեալ-պոլիտիկից դուրս գալու, որովհետև պետք է հասկանալ՝ ինչպիսի իրավիճակ է այսօր աշխարհում»,- ասել է նա։ 

Ըստ Պապոյանի՝ ժողովուրդը, իշխանությունը ու քաղաքական համակարգը  պետք է ընտրություն կատարի՝ խաղաղությու՞ն, թե՞ պատերազմ. «Ընդ որում, պատերազմ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Դուք գիտեք, թե աշխարհում ինչ են մտածում արցախյան հակամարտության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման մասին, և այս իրավիճակում պետք է որոշում կայացնենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գնում ենք նոր պատերազմի՞՝ դրանից բխող հետևանքներով, թե՞ գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդի անվտանգությունը, Արցախի ժողովրդի ապրելու իրավունքը․ սա է կարևոր։

Մենք պետք է ընտրություն կատարենք՝ պատերազմի և արկածախնդրության  ու խաղաղության միջև։ Կարծում ենք՝ պետք է շարժվել խաղաղության օրակարգով․ չկա այլ տարբերակ։ Երեկ լսում էի ընդդիմադիր պատգամավորներին, նրանք ոչինչ չառաջարկեցին այլ ճանապարհով գնալու վերաբերյալ, իրենց առաջարկնեը կամ ոչնչի մասին էին, կամ նոր պատերազմի»,- նշել է նա։