ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածված տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը:
«Ցավոք, մեր գործող ատոմակայանը ունի մեկ վերջնաժամկետ, որից հետո այն չենք կարող շահագործել: Հիմա մենք շատ ակտիվ մի քանի գործընկերների հետ բանակցում ենք ատոմակայան կառուցելու հարցի շուրջ, այդ բանակցությունները վարվում են Ռուսաստանի հետ, ԱՄՆ-ի հետ, երրորդ երկրների հետ, հիմա դիտարկում ենք, թե այդ տարբերակներից որն է տնտեսապես ավելի շահավետ», - ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում Հայաստանից պատվիրակություն կմեկնի ԱՄՆ, որ տեղում ավելի մանրամասն ծանոթանան մոդուլային տիպի ատոմային էլեկտրակայանների հնարավորություններին:
Նա տեղեկացրել է, որ մոդուլային ատոմակայանները կարող են ավելի ցածր լինել՝ 70 մեգավատ ու սկսեն այդպես շարունակ կտորներով կառուցել, իսկ այսօրվա մեր ատոմակայանը 400 մեգավատ է. «Մյուս առաջարկները մեզ համար խնդրահարույց են, որովհետև միանգամից 1000 մեգավատանոց ատոմակայան են առաջարկում, մասնագետներն էլ ասում են, որ դեռ հարցեր կան»։