ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի՝ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարություններին։ Նա պարզաբանել է, թե ինչու է հայտարարվել, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար կմ2 տարածքը․ «Եկեք ուղիղ ասենք․ Ադրբեջանն ունի հստակ խոսույթ՝ եթե դուք մեր տարածքային ամբողջականությունը չեք ճանաչում, մենք էլ ձերը չենք ճանաչում։ Այսինքն, եթե դուք չեք ճանաչում, որ Ադրբեջանը 86,6 հազար կմ2 է, մենք էլ չենք ճանաչում Հայաստանի 29,8 հազար կմ2-ը։ Այս խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ, և երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է Հայաստանի վրա, բնականաբար, միջազգային հանրության հետ երկխոսություն ենք ունենում, հարց է առաջանում»։
Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը կարող է հայտարարել, որ չի ճանաչում Ադրբեջանի տարածքը 86,6 հազար կմ2 մակերեսով, բայց նրանք էլ կհայտարարեն, որ, իրենց կարծիքով, Հայաստանը ոչ թե 29,8 հազար կմ2 է, այլ՝ ավելի քիչ. «Ես այս ամբիոնից ասում եմ՝ Հայաստանը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազար կմ2-ը, և ակնկալում, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի 29,8 հազար կմ2-ը»։
Վարչապետի խոսքով՝ ովքեր հայտարարում են, թե Ադրբեջանի տարածքը ճանաչում են ավելի քիչ, միևնույն ժամանակ ընդունում են, որ Հայաստանի տարածքն էլ է ավելի փոքր. «Որքան թիվ է, դա էլ կորոշվի, թե ՀԱՊԿ-ում այդ օրը ինչ տրամադրություն է տիրում»։
Վարչապետը նաև նշեց, որ Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման հարցում պետք է հիմք ծառայեն ՍՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի՝ 1975թ. քարտեզները. «Ոնց որ թե սա, կամաց-կամաց, ոչ միայն մեր դիրքորոշումն է դառնում, այլև մեր միջազգային գործընկերներն են սկսում այդ խոսույթն օգտագործել, ինչը համարում եմ շատ կարևոր»։