Քաղաքական

«Հայրենիքի փրկության համար մղվող պայքարի բոլոր մեթոդներն արդարացված են». Իշխան Սաղաթելյան

«Հայրենիքի փրկության համար մղվող պայքարի բոլոր մեթոդներն արդարացված են». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա հայտարարությունն իրենց համար անակնկալ չէր: 

Ըստ Սաղաթելյանի, իրենք այս մասին բարձրաձայնել են պարբերաբար. «Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին հրապարակել է Արցախը և Հայաստանը հանձնելու ճանապարհը և ժամանակացույցը: Ինձ թվում է, մայիսի 25-ին Մոսկվայում հանդես կգան եռակողմ ինչ-որ հայտարարությամբ, որից հետո այդ ամեն ինչը կշարունակվի Քիշնևում, այնուհետև Բրյուսելում կփորձի պայմանավորվել կապիտուլյացիայի նոր պայմանագրի շուրջ: Հոկտեմբերի հանդիպման մասին ևս հայտարարվել է, կփորձեն ունենալ ամբողջական կապիտուլյացիայի պայմանագիր, այնուհետև այն կվավերացնեն: Ըստ էության՝ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը, հայ ժողովուրդը, մտահոգ քաղաքացիները ունեն ընդամենը 5-6 ամիս երկիրը հանձնելու գործընթացը կասեցնելու համար», - ասել է նա։ 

Սաղաթելյանը նշել է, թե ընդդիմադիր ուժերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի կանխվի նոր կապիտուլիացիոն գործընթացը։ Ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել դիմադրության նոր շարժում Հայաստանում, Արցախում և Սփյուռքում. «Մենք ընտրության հնարավորություն չունենք՝ կամ պետք է հանձնվել, կամ պետք է պայքարել հայրենիքի փրկության համար։ Իսկ հայրենիքի փրկության համար մղվող պայքարի բոլոր մեթոդներն արդարացված են»։

Անդրադառնալով մանդատները դնելու հարցին, Սաղաթելյանն ասել է, թե այդպես խորհրդարանական ճգնաժամ չի ստեղծվելու. «Կարող է մանդատները դնելուց հետո նույն մարդիկ ասեն՝ գիտեիք, որ կապիտուլյացիայի պայմանագիրն այս խորհրդարանում է ընդունվելու՝ դրեցիք, թռաք»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական