Քաղաքական

«Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե խոսելով Արարատի ու Արագածի մասին՝ ինքը խոսում է Հայաստանի տարածքի և Հայաստանից դուրս գտնվող տարածքների մասին․ «Այն ուղերձները, որ ստանում ենք Թուրքիայից, հրապարակային են։ Բայց Թուրքիայից ստացվող ուղերձները դնենք մի կողմ․ մենք նախևառաջ պետք է խոսենք մեր մասին։ Խոսելով Արարատի ու Արագածի մասին՝ ես խոսում եմ Հայաստանի տարածքի և Հայաստանից դուրս գտնվող տարածքների մասին։ Արագածը Հայաստանի Հանրապետությունում է, Արարատ լեռը Հայաստանի Հանրապետությունում չէ։ Սա շատ պարզ բան է», - ասել է նա։ 

Փաշինյանը նշել է, որ երբ աշակերտներին հարցրել է՝ Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է, կեսից շատն ասել է՝ Արարատը. «Հիմա եկեք սրան նայենք հակառակ կողմից։ Հակառակ կողմից նայում են Թուրքիայում և ասում՝ Արարատը Թուրքիայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում է։ Սա փաստ է։ Հիմա Հայաստանում երեխաները որտեղի՞ց են իմանում այդ ինֆորմացիան։ Իմանում են դպրոցներում, կառավարության կողմից իրականացվող կրթության արդյունքում։ Թուրքիայում ասում են՝ եթե այս երեխաներն ասում են Հայաստանի ամենաբարձր լեռն Արարատն է, ոչ թե Արագածը, դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից։ Եթե Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, մենք ինչու՞ որևէ կերպ աջակցենք կամ նույնիսկ չնկատելու տանք, որ Հայաստանը զարգանա։ Ընդհակառակն, եթե իրենք մեզնից տարածքային պահանջներ ունեն, մենք ամեն ինչ պետք է անենք՝ ոչնչացնելու իրենց»։