Քաղաքական

ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ. նախարար

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին հայտարարել է, թե իրենց երկրի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված չի փոխվել. ՄԹ-ն ուզում է տեսնել համապարփակ խաղաղություն՝ հնարավորինս շուտ։ 

«Մեկ անգամ ևս ամրապնդում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։ Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և ՄԹ-ի միջև, ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա», - ասել է Լեո Դոքերթին։

Ըստ նախարարի, ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները. «Բայց մենք միշտ հստակ ենք եղել, որ այս շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ Մենք կայուն խաղաղություն ենք ուզում և դրան կարող ենք հասնել միայն սեղանի շուրջ։ Մենք կփորձենք ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել», - ասել է նա։