Քաղաքական

Վարչապետը չի բացառել, որ Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչ նկատի ունի «ՀԱՊԿ-ից դուրս գալ» ասելով. «Նկատի ունեմ առաջին հերթին կազմակերպության ունեցած պարտավորությունները։ Չէի ասի, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Դուրս չի եկել․ քանի դեռ այդտեղ կա քննարկելու հարց, այդ հարցը քննարկվում է»։ 

Վարչապետը հիշեցրել է, որ անընդհատ հարց է դրվում՝ մոնիտորինգի խումբը գա՞ Հայաստան, թե՞ չգա, և որ այդ մասին նաև թափանցիկ է խոսվում. «Չեմ բացառում, որ Հայաստանը կարող է որոշում կայացնել ՀԱՊԿ-ում իր անդամությունը դե յուրե դադարեցնելու կամ սառեցնելու վերաբերյալ։ Բայց դա տեղի կունենա միայն այն պարագայում, երբ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Դե որ դուրս է եկել, էլ ի՞նչ անենք, ուրիշ բան մնո՞ւմ է անելու։ Եթե մեր արձանագրումը լինի, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, ՀԱՊԿ անդամի՝ դե յուրե և ոչինչ չտվող կարգավիճակն ընդամենը մեզ խանգարելու է այլ երկրների հետ անվտանգային օրակարգ քննարկել։

Մտածում եք՝ Հայաստանը սպառազինության ոլորտում հնարավորություն չի՞ ունեցել՝ այլ երկրներից սպառազինություն կամ ռազմական տեխնիկա ձեռք բերելու։ Իհարկե, այդ հնարավորությունը եղել է, և այդ հնարավորությունների փակ լինելը հիմնականում բացատրվել է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելով։ Ասվել է՝ դե, դուք ՀԱՊԿ անդամ եք, ի՞նչ քննարկենք ձեզ հետ»։

Վարչապետը նաև խոսել է հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ շեշտելով, որ վերջերս սոցիոլոգիական հարցում է արվել, և Ռուսաստանի հանդեպ վստահությունը Հայաստանի քաղաքացիների շրջանում նվազում է. «Հարաբերություն ասելով՝ հո միայն ղեկավարների միջանձնային հարաբերություննե՞րը չեն»,- ասել է նա։