ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցները շրջանցելուն օգնելու՝ ՀՀ ընկերությունների փորձերին։ Նրա խոսքով, արևմտյան գործընկերների հետ վերջին շրջանում բոլոր հանդիպումներում այդ հարցը քննարկվում է. «Բայց դրանից առաջ էլ այդ հարցը եղել է հայ-ռուսական քննարկումների օրակարգում: Մենք երկուսի հետ հարաբերվելիս տալիս ենք նույն արձագանքը: Մենք ասում ենք՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը ՌԴ-ի հետ ունի ռազմավարական գործընկերային հարաբերություններ, ունի տնտեսական խորը և ռազմավարական նշանակության հարաբերություններ: Բայց Հայաստանը նաև նաև այլ հանգամանքների բերումով չի կարող իերն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ: Հետևաբար, մենք ՌԴ-ի հետ հարաբերություններում կգործենք ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո: Որովհետև եթե մենք հայտնվեցինք այդ պատժամիջոցների ներքո, նախ Հայաստանն այդքան ռեսուրս չունի, որ դիմանա դրան, երկրորդը, մեր ոչ մի դաշնակցի համար դրանից ավելի լավ չի լինի: Երրորդը, մենք դրանով կփչացնենք մեր հարաբերությունները մեր արևմտյան գործընկերների հետ: Հիմա ամեն ինչ, ինչ տեղավորվում է իմ ասածի շրջանակներում, դրա վերաբերյալ այո, տրվել են և տրվում են հանձնարարականներ: Տրվում են նաև այդ հանձնարարականների նկատմամբ խիստ հսկողություն սահմանելու հանձնարարականներ:
Բայց նաև մյուս կողմից մասնավոր հատվածի մեր գործընկերների հետ աշխատում ենք, որովհետև հնարավոր է պատժամիջոցը խախտել անզգուշությամբ: Դեպքեր են լինում, որ մարդիկ չիմանալով խնդրի առաջ են կանգնում, երկիրն էլ են խնդրի առաջ կանգնեցնում կամ նման պոտենցիալ ստեղծում: Մենք հիմա բոլոր ուղղություններով աշխատում ենք, որ սանկցիաները չխախտենք, մյուս կողմից գործընկերնեային լինենք և ՌԴ-ի նկատմամբ, և սանկցիաներ կիրառած գործընկերների նկատմամբ»,-ասել է Փաշինյանը:
Ըստ նրա, Իրանի հետ մեր հարաբերությունները պակաս կարևոր չեն, բայց 2009-ից այդ սանկցիաները գործում են նաև Իրանի նկատմամբ և Հայաստանը դրանք պահում է. «Բա ի՞նչ անենք: Եթե մենք պատժամիջոցների տակ հայտնվենք, դրանից որևէ մեկին ավելի լավ կլինի՞, մեր բարեկամին ավելի լավ կլինի՞:
Մենք կապի մեջ ենք նաև մեր արևմտյան գործընկերների հետ, տեղական ընկերությունների հետ, պետական կառավարման մարմինների հետ, որ մաքսիմալ ճիշտ կարողանանք դիրքավորվել»:
Հարցին, կա՞ն հայկական ընկերություններ, որ արդեն պատժամիջոցների տակ են կամ շեմին են, նա պատասխանեց. «Ես գիտեմ, որ կան ընկերություններ, որոնք այսպես ասած, ռադարի վրա են հայտնվել, նրանց գործունեությունը կուսումնասիրվի և հետևություններ կարվեն»: