ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել վաշինգտոնյան բանակցություններից։
Նրա խոսքով, Վաշինգտոնում բանակցությունների հարցում որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ ուղիղ, երկար, անկեղծ խոսակցություն ծավալել։
«Կարող եմ ասել, որ այդ խոսակցությունների ընթացքում կողմերը շատ լավ են հասկանում մեկը մյուսի մտահոգությունները, մտադրությունները և պատկերացումները։ Բացի նշածս երկու հոդվածից, կարծում եմ, մյուս հոդվածների մասով ևս հավանականություն կա համաձայնության։ Սա միայն իմ գնահատականը չէ, ինձ հավաստիացրել են մյուս կողմերը ևս։
Անշուշտ, կան հոդվածներ և թեմաներ, որտեղ կողմերի դիրքորոշումները բավական հեռու են իրարից։ Սրանք այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին։ Բայց այս ուղղությամբ ևս բավական արդյունավետ քննարկում է եղել»,- ասել է Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսում։