Քաղաքական

Վարչապետը հակադարձել է ՀԱ եկեղեցուն

Վարչապետը հակադարձել է ՀԱ եկեղեցուն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀԱ եկեղեցու վերաբերյալ իր վերջին հայտարարության հետ կապված Մայր աթոռի արձագանքին:

Ի պատասխան իր խոսքերի, որ եթե եկեղեցին ուզում է քաղաքականությամբ զբաղվել, ոչինչ չի խանգարում, որ կուսակցություն ստեղծեն, Մայր Աթոռից պատասխանել էին. «Եթե ոմանք ուզում են եկեղեցագիտությամբ զբաղվել, կարող են փորձել ընդունվել հոգևոր ճեմարան, եթե, իհարկե,  հաղթահարեն ընդունելության համար սահմանված կրթական շեմը և համոզիչ փաստարկներ ներկայացնեն առողջական բարվոք վիճակի վերաբերյալ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եկեղեցու որոշ ներկայացուցիչներ անցել են վիրավորական բառապաշարի, բայց ինքը չի պատրաստվում նույն կերպ հակադարձել. «Ընդամենը հետևյալը կասեմ. եթե եկեղեցու մասին իմ արտահայտությամբ անպատեհ մեղադրանքի ֆոն եմ ստեղծել իրենց հոգևոր ծառայությունը բարեպաշտ և ազնիվ իրականացնող բազմաթիվ հոգևորականների նկատմամբ, նրանցից ներողություն եմ խնդրում։

Ձեր հայտարարության մեղադրանքներին չեմ հակադարձի մեղադրանքներով, որովհետև քաղաքական մրցակիցներին վիրավորելը ճիշտ ժանր չէ: Տեսնում եք, որ ես փորձում եմ այդ ժանրից հրաժարվել»։

Փաշինյանը հույս է հայտնել, որ հոգևոր ճեմարանն ավարտած և բարձր պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք ճեմարան ընդունվելիս ու ավարտելիս բավարար փաստարկներ ներկայացրել են իրենց հոգևոր, մարմնական, ընդհուպ մինչև՝ սեռական առողջության վերաբերյալ:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական