Քաղաքական

«Չեմ կարծում, թե Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է ու թույլ չի տալիս պարտականությունները կատարել». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չեմ կարծում, թե Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է ու թույլ չի տալիս պարտականությունները կատարել». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՀԱՊԿ-ին քշելու, դուրս մղելու կամ որևէ ձևով հարաբերությունները խզելու ազդակ չենք ստանում և չենք ստացել, և չեմ կարծում, որ այդպիսի ազդակ երբևէ կլինի»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին, թե «Արևմուտքը հայերին ազդակներ է ուղարկում, որ գնան իրենց մոտ ու «քշեն» ռուսներին»։

Ըստ Փաշինյանի՝ ազդակները կարող են լինել երկկողմ հարաբերությունների զարգացման կամ ընթացքի մասին։ Ըստ նրա՝ նույնը վերաբերում է նաև ՌԴ-ին. «Մեր երկկողմ հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ շատ թափանցիկ ենք քննարկում, և կարծում եմ՝ որևէ մութ կետ չկա այդ խոսակցություններում մեր այն մտահոգությունների մասին, որ ունենք տարածաշրջանում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում առկա իրադրության վերաբերյալ»։

Նա որպես օրինակ բերել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը՝ հիշեցնելով, որ այնտեղ վերահսկողությունը, ըստ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ՌԴ պարտավորությունն է. «ՌԴ-ն պետք է պահի, պետք է պահեր այդ միջանցքն իր վերահսկողության ներքո»։

Փաշինյանը հիշեցրել է Խծաբերդից Փառուխ տեղի ունեցած իրադարձությունները. «Եռակողմ հայտարարությամբ արձանագրվել են շփման գիծ հասկացությունը և շփման գծից ներս ՌԴ խաղաղապահ ուժերի պարտավորությունները։ Մենք քաջալերել ենք, և մեր կողմից ոչ մի պրոբլեմ չենք ստեղծել, ընդհակառակն, ինչով կարողացել ենք, օգնել ենք, որ այդ պարտավորությունները լիարժեք կատարվեն»։

Փաշինյանը նշել է, թե չէր ուզի, որ Արևմուտքից արված որևէ ենթադրյալ հայտարարություն դառնար ՀՀ-ՌԴ հարաբերություններում առանցքային գործոն. «Ես չեմ կարծում, որ Արևմուտքը որևէ մեկի ձեռքը բռնել է և թույլ չի տալիս պարտականությունները կատարել ամենատարբեր ոլորտներում»։

Փաշինյանը նաև նշել է, թե ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում  չի գործում մի պարզ պատճառով, քանի որ չի մատնանշում, իր պատկերացմամբ, ՀՀ տարածքը. «Ֆունդամենտալ պրոբլեմը սա է: Երբ որ ՀԱՊԿ-ը դա հստակ կընդգծի, պրոբլեմների 90 տոկոսը կվերանա»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական