Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հետ առաջիկայում պլանավորված հանդիպումների ժամանակ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը։

Նրա խոսքով՝ հինգշաբթի օրը Մոսկվայում պայմանագիր ստորագրելն իրատեսական չէ. «Եթե կոմունիկացիաների բացման վերաբերյալ հաջողվի գալ ընդհանուր հայտարարի, բացառել չեմ կարող»։

Նա շեշտել է, որ իրենց խնդիրն է հնարավորինս արագ ավարտել բանակցություններն ու ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանն սպասում է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին. «Եթե այս շաբաթ փոխանցեն իրենց արձագանքները, եթե մի քանի օրը կամ մի շաբաթը բավարար է վերլուծելու համար, եթե առաջարկները, մոտեցումները համարենք ընդունելի փոխզիջումային տրամաբանության մեջ, ինչու՞ չէ։ Բայց դեռևս չենք ստացել իրենց արձագանքները»։

Նա խոսել է միջազգային երաշխիքների մասին՝ շեշտելով, որ նման բարդ տարածաշրջանում երաշխավոր լինելը մեծ պատասխանատվություն է. «Այս առումով այնպես չէ, որ բոլորը խանդավառված են և, իրար հերթ չտալով, ուզում են այդ դերը ստանձնել»։

Ըստ նրա՝ եթե միջազգային հանրությունն արձանագրի, որ կողմերի միջև տևական խաղաղություն հաստատելու անկեղծ ցանկություն կա, կլինեն երկրներ ու կազմակերպություններ, որոնք կհամաձայնվեն ստանձնել այդ գործառույթը։