Քաղաքական

«Ինձ համար անհասկանալի է ՌԴ պահվածքը». Վիգեն Խաչատրյան

«Ի տարբերություն Արևմուտքի՝ Մոսկվայի պարագայում ունենք միջնորդ, որն ստանձնել է որոշակի պարտավորություններ, և, հետևաբար, իմ սպասելիքները նրանից ավելի շատ է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ երբ «էկոակտիվիստները» փակել էին դեպի Արցախ ճանապարհը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ միջանցքի բացումն օրերի հարց է. «Մտածում էի՝ հիմք ունի, որ այդպես է ասում, բայց, դրա փոխարեն, անցակետ տեղադրվեց։ Նույն Լավրովն ասում էր՝ բացառվում է անցակետը։ Չեմ կարող հասկանալ ՌԴ պահվածքը»,- ասել է նա։ 

Ըստ Խաչատրյանի՝ Արևմուտքը պարտավորություններ չի ստանձնել, այլ երկխոսության հարթակ է տրամադրել. «Ինձ համար անհասկանալի է ՌԴ պահվածքը, որովհետև Հայաստանի սպասելիքներն ավելի շատ են հենց Ռուսաստանից, քանի որ մենք ստրատեգիական հարաբերությունների դարավոր պատմություն ունենք»։

Խաչատրյանն ասաց, որ Մոսկվայի հանդիպմանը կերևա՝ Ռուսաստանը չի կարող, թե չի ցանկանում միջամտել խնդրին. «Էդ առումով իմ սպասելիքները շատ չեն»։

Խաչատրյանը շեշտեց, որ Հայաստանը ՌԴ-ի առաջ հեռանալու պահանջ չի դրել. «Մենք համագործակցության կողմնակից ենք, և ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունները մտահոգություն են առաջացնում առ այն, որ իրենք, հավանաբար, պատրաստվում են հեռանալ․ դա մեզ համար ցանկալի չէ»։ 

Նա ասաց նաև, թե Ռուսաստանը փորձում է ԱՄՆ-ի հետ հակասությունները լուծել Հայաստանի հաշվին։