Ալեն Սիմոնյանը Մինսկում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին
Քաղաքական
18 Մայիսի, 16:24
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 18-ին Մինսկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:
Մինչ խորհրդի նիստը՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը խոսել է միջազգային հարաբերությունների նոր համակարգի ձեւավորման անհրաժեշտության մասին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի եւ սկզբունքների վրա: «Մինսկը մտադիր է աշխատել ՀԱՊԿ երկրների համախմբվածության բարձրացման ուղղությամբ: Կազմակերպության ամրապնդումը, նրա պատասխանատվության գոտում անվտանգության ապահովումը հնարավոր է առկա հակասությունների լուծումից հետո»,- ասել է նա:
Հանդիպումից հետո խորհրդարանների ղեկավարները Հաղթանակի հրապարակում ծաղկեպսակ եւ ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին: