Քաղաքական

ՀԱՊԿ-ը պատրաստ է եղել համապատասխան քայլեր ձեռնարկել. Ռուստամյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե երբ Ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածք ներխուժեցին, ՀԱՊԿ–ը պատրաստ է եղել համապատասխան քայլեր ձեռնարկել։ 

«Հայաստանի տարածք ներխուժման ժամանակ էլ ՀԱՊԿ-ն ասել է՝ ես պատրաստ եմ իմ բոլոր միջոցներով ներկա գտնվել, սպասում ենք Հայաստանի արձագանքին: Հայաստանն էլ արձագանքում է այնպես, որ ՀԱՊԿ գոյություն չունի: Քաղաքական գնահատական պահանջելը նախապայման դարձնելը շատ սխալ է: Նախ դու պետք է քո անվտանգությունն ապահովելու քայլերն ապահովես: Պարզ չի՞, որ ՀԱՊԿ–ում կան երկրներ, որոնք կարող են դրան դեմ լինել։ Այդ կառույցը կոնսենսուսային եղանակով է գործում, մի՞թե դա նորություն էր Հայաստանի համար։ Այն երկրները, որ դեմ են, թույլ չեն տալիս, որ այդ քաղաքական գնահատականը հնչի»,–ասել է նա։ 

Ռուստամյանը բոլորին կոչ է արել դուրս գալ մեղադրելու մոտեցումից. «Մենք պետք է հասկանանք, թե մեր անելիքը որն է: Եթե մենք չփորձենք մեզ պաշտպանել, ոչ ոք մեզ չի պաշտպանելու: Մենք մեզ ներսից ու դրսից թուլացրել ենք, հիմա էլ հայտարարում ենք, որ ոչ ոք մեր կողքը չի կանգնած: Եթե դու այդպիսի հայտարարություն ես անում, քո ֆիասկոն ես արձանագրում»։