ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, թե Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին:
«Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում:
Հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն ասաց. «Ինչ-որ տեղ տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները»:
Ինչ վերաբերում է Քիշինևում կայանալիք հնգակողմ հանդիպմանը, որին Ադրբեջանը դեռ մասնակցությունը չի հաստատել, Հովհաննիսյանն ասել է. «Ունենք մի շարք տարբեր ձևաչափեր։ Խոսքը գնում է գործընթացն առաջ տանելու մասին։ Որևէ նոր ֆորմատի ստեղծման մասին խոսք չի գնացել»։
Նա շեշտել է, որ հնգակողմն հանդիպմանը Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությունը միանշանակ դրական ներդրում կարող է ունենալ. «Եթե ԵՄ-ն է աջակցում այդ գործընթացին, ԵՄ երկու առավել ազդեցիկ երկրների մասնակցությունը միայն կարող է դրական ազդեցություն ունենալ»։
Նա խոսել է Ֆրանսիայի մասնակցության վերաբերյալ Ադրբեջանի վերապահումների մասին. «Կա ընկալումը, որ Ֆրանսիան անաչառ չէ, սակայն որպես ԵԱՀԿ ՄԽ 30 տարվա համանախագահող, Ֆրանսիան որևէ քայլ չի արել, որ իր դերակատարումը որպես անաչառ միջոց, կասկածի տակ դնելու։ Մնացածը պարզապես մանիպուլյացիայի դաշտից է»։