Քաղաքական

Սադրանքի նպատակը դիրքային բարելավում ստանալն ու Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալն է. Սեյրան Օհանյան

Սադրանքի նպատակը դիրքային բարելավում ստանալն ու Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալն է. Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությանը։ Նրա խոսքով, պաշտոնական տեղեկատվությանը հետևելիս այն եզրակացության են եկել, որ հայկական բանակը պատասխանել է ադրբեջանական սադրանքին։ 

Խոսելով սադրանքի պատճառների մասին, Օհանյանն ասել է. «Ադրբեջանը երևի թե նպատակ է ունեցել հերթական անգամ այս կամ այն հատվածում իր դիրքերի դասավորվածության մեջ բարելավում իրականացնել: Իսկ ռազմավարական նպատակը ՀՀ-ի վրա ազդելն է շարունակական ճնշումները հաջորդական դարձնելը, որպեսզի բանակցային գործընթացում կամ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրենք մշտապես հանդես գան առավելապաշտության և հաղթողի դիրքից: Իրենց նպատակը Հայաստանի վրա ճնշումներն են և Արցախի շուրջ օղակը սեղմելն է:

Եթե սա տեղի է ունենում բանակցային գործընթացին զուգահեռ, սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանի քաղաքականությունը մեր նկատմամբ չի փոխվել: Յուրաքանչյուր բանակցության փուլին զուգահեռ, դրանից առաջ, հետո, կամ ընթացքում իրենք ուժային ճնշումներ ու սադրանքներ են կազմակերպում, որպեսզի բանակցությունների ընթացքում մենք գնանք զիջումների: Փառք Աստծո, երբ բանակը ցույց է տալիս ուժ, իրենք բանակցություններում հաջողություններ չեն կարող ունենալ»։

Ըստ Օհանյանի, այս սադրանքի նպատակը և դիրքային բարելավում ստանալն էր, և Սոթքի հանքին ամբողջությամբ տիրանալը. «ՀՀ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ առաջընթացով գործեն: Որոշումների ընդունման մեջ կանխարգելիչ միջոցառումներն անհրաժեշտություն են»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական