Քաղաքական

«Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի հրետակոծությանը. «Հրետակոծության ինտենսիվությունը որոշակիորեն նվազել է Հայաստանի բանակի ադեկվատ և արդյունավետ պատասխան գործողություններից հետո»։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմի գործողությունները սադրիչ են և նպատակ ունեն զրոյացնել Վաշինգտոնում մայիսի 1-4-ը բանակցությունների արդյունքում գրանցված առաջընթացը. «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին՝ Քիշնևում, հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանին բանակցային գործընթացը հարկավոր է միայն էսկալացիայի և պատերազմի պատճառաբանություն ստանալու համար, իսկ էսկալացիաներն օգտագործվում են բանակցություններում գրանցված առաջընթացները զրոյացնելու համար. «Ադրբեջանի ՊՆ երեկվա հաղորդագրությունները՝ մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, մտացածին են։ Նման տեղեկատվություն հորինվում է իրադրությունը սրելու համար։ Եթե իրադրությունը սրելը Ադրբեջանի նախատրամադրվածությունը չէ, որևէ տեղային միջադեպ կարելի է արագ կարգավորել գոյություն ունեցող կապերով տեղեկատվություն ճշտելու, փոխանակելու և կանխարգելիչ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով։ Նախորդ օրը նման բան տեղի չի ունեցել մի պարզ պատճառով. որևէ միջադեպ չի գրանցվել»,- ասաց նա։

Փաշինյանը շեշտեց՝ իրադրության սրման նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական